Դրամահավաքի մեծ գումարը պայմանավորված է իշխող ուժ լինելու հանգամանքով և հանրային վստահությամբ. Սուրեն Պապիկյան

Ապրիլի 5-ին նախատեսվող Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեից առաջ «Այո»-ի շտաբը երեկ՝ փետրվարի 25-ին, դրամահավաք-երեկո էր կազմակերպել, ինչի արդյունքում հավաքվել էր 205 մլն 560 հազար դրամ:

Դրամահավաքից հետո «Ոչ» քարոզչական թևի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կից ներկայացնելով դրամահավաքի հրավիրատոմսի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դրամահավաքի մասին գրառման լուսանկարները:

«Հրավիրատոմսում նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին»։ Մինչդեռ վարչապետի գրառման մեջ նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը: Այս երկու նպատակներն էապես են տարբեր։ Օրինակ, առաջին նպատակի համար առավելագույն սահմանաչափը 100 միլիոն դրամն է, իսկ երկրորդն առավելագույն սահմանաչափ չունի։ Հիշենք, որ կազմակերպիչների պնդմամբ՝ հավաքվել է 200 միլիոնից ավելի դրամ։ Հետևություն։ Ինչ-որ բան այն չէ»,- գրել էր Ռուբեն Մելիքյանը:

«Այո» քարոզչական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, սակայն, այս հարցն այլ կերպ է մեկնաբանում: Ըստ Պապիկյանի՝ կատարվածում անհամապատասխանության որևէ խնդիր չկա, և այն փաստը, որ դրամահավաքի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցությունն է, տալիս է բոլոր հարցերի պատասխանը:

«Այո» քարոզչական շտաբի պետի խոսքով՝ հրավիրատոմսի հենց առաջին էջի վրա գրված է եղել՝ ՔՊ կուսակցություն: Պապիկյանը վստահեցնում է՝ ՔՊ-ն դրամահավաքի մասնակից նվիրատուի նկատմամբ թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով որևէ սխալ բան չի արել: Նրա խոսքով՝ թե՛ իր, թե՛ վարչապետի հայտարարության մեջ հստակ նշվել է, որ դրամահավաքը կուսակցության ընթացիկ կարիքների համար է, ամենակարևոր պատճառն էլ՝ «Այո»-ի քարոզչությունը:

«Միևնույն ժամանակ, եթե դրամահավաք երեկոն կազմակերպած լիներ «Այո» քարոզչական խումբը, այդ պարագայում կառաջանար հարց, թե ինչո՞ւ է հավաքվել 200 միլիոն և այդ 200 միլիոնի ճակատագիրն ինչ է լինելու: Հստակ է, որ հասցեատերը ՔՊ կուսակցությունն է, մենք դրամահավաք-երեկոյի մասնակիցներին հրավիրելիս նշել ենք, որ այն կանխիկ գումարը, որ հավաքվել է, մուտքագրվելու է և մուտքագրվել է մեր նախընտրական հաշվեհամարին: Եթե այն գերազանցի 100 միլիոն դրամը, բնականաբար, մնացյալ հատվածը պիտի գնա պետական բյուջե: Բայց այնտեղ եղել է նաև ՔՊ հաշվեհամար, որին մարդիկ նվիրատվություն են կատարել»,- ասաց Պապիկյանը:

Երեկ կայացած դրամահավաք-երեկոյի ավարտին Պապիկյանը նաև ասել էր, որ կան փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումը դեռ իրենց համար պարզ չէ, և հավելել էր, որ կարող է նշած 205 միլիոն 560 հազար դրամը փոխվի: Այսօր ևս դեռ թիվը հաստատ չէ: Պապիկյանի խոսքով՝ վերջնական թվի մասին խոսել կկարողանան դրամահավաքի ավարտից գոնե 24 ժամ հետո:

Հավաքված գումարի մեծ լինելու փաստը Պապիկյանը պայմանավորում է իշխող կուսակցություն լինելու և հանրային վստահություն ունենալու հանգամանքով:

«Ակնհայտ է, որ «Ելք» դաշինքի ժամանակաշրջանի համեմատ՝ թե՛ մեր քաղաքական ուժը, թե՛ նաև համատեղ մեր գործընկերները այս ընթացքում որոշակի հանրային ընկալման մեջ փոփոխություններ են արձանագրել: Փաստ է, որ մեր կուսակցությունը քաղաքական դաշտի նոր կուսակցություն լինելուց դարձել է իշխող կուսակցություն: Այսինքն՝ մենք ՀՀ-ում նախաձեռնել և մեր հանրության հետ իրականացրել ենք թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, այդ ընթացքում մեր հանրային վստահությունը արտացոլվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններում, և որևէ զարմանալի բան չկա, նաև հանրային վստահություն կա այս պարագայում»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս