Հարավային Կորեայում նախագահի պաշտոնազրկում են պահանջում կորոնավիրուսի տարածման պատճառով
Հարավային Կորեայի 400 հազարից ավելի քաղաքացիներ են ստորագրել երկրի նախագահ Մուն Չժի Ինի պաշտոնազրկման պահանջով հանրագիրը՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածմանը վերջ դնելու նրա անկարողության հետ: Ինչպես փետրվարի 26-ին հայտնել է KBS հեռուստաալիքը, այն դեպքում, եթե երկրի ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված հանրագիրը հավաքի ավելի քան 200 հազար ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանքել դրան: Տվյալ դեպքում դա պետք է տեղի ունենա մարտի 4-ից ոչ ուշ։
Փաստաթուղթը կազմողները կառավարությանը քննադատել են այն բանի համար, որ նա Չինաստանի հետ սահմանը չփակեց, երբ հիվանդության բռնկումը հարեւան երկրում վտանգավոր մասշտաբների էր հասել: Հանրագրի հեղինակները Մուն Չժե Ինին մեղադրել են այն բանում, որ նա պաշտպանել է ոչ թե սեփական երկրի, այլ ՉԺՀ-ի շահերը: «Մուն Չժե Ինն իրեն այնպես է պահում, ասես նա ոչ թե Հարավային Կորեայի, այլ Չինաստանի նախագահը լինի»,- նշվում է տեքստում: «Չնայած Կորեայում բժշկական դիմակների դեֆիցիտին, Մուն Չժե Ինը 3 մլն դիմակ է ուղարկել Չինաստան եւ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրանց գների աճը կանգնեցնելու համար»,- նշում են փաստաթղթի հեղինակները:
Ինչպես փետրվարի 26-ին հաղորդել է Yonhap գործակալությունը, Սեուլը հայտնել է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքերի մասին: Այդպիսով, երկրում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 1146: Նշվում է, որ հիվանդության 169 նոր դեպքերից 153-ը հայտնաբերվել են Տեգու քաղաքում եւ հարեւան Հյուսիսային Քենսանի նահանգում: Նաեւ հիվանդացածների մասին հայտնել են Հարավային Կորեայի գրեթե բոլոր խոշոր նահանգներն ու քաղաքները: Մասնավորապես, Սեուլում արձանագրվել Է չորս նոր դեպք, Պուսանում՝ ութ: Ներկայում Հարավային Կորեայում նոր վիրուսից մահացել է 11 մարդ, հաղորդել Էէ ՏԱՍՍ-ը: