«Չեմ տեսնում Ղարաբաղյան բանակցություններում նոր բովանդակություն. այդ ամենը վաղուց ասվել է». Սկակով

Հարցազրույց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովի հետ

– Պարոն Սկակով, Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փակ հանդիպումից և հրապարակային դեբատից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Մյունխենյան սկզբունքների, բանակցային գործընթացում նոր բովանդակության, դրա կառուցողականության մասին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակությունը, որն ըստ ամենայնի՝ ամփոփված է նաև Մյունխենյան սկզբունքներում: Կամ՝ Մյունխենյան սկզբունքները նո՞ր են:

– Իրականում չեմ տեսնում որևէ նոր բովանդակություն, այդ ամենի մասին շատ վաղուց է՝ խոսվում է, և այդ ամենը պարզապես բարի ցանկությունների ոլորտից է: Հասկանալի է, որ երեք կողմերի համար ընդունելի լուծում գոյություն չունի և չի էլ կարող լինել: Ցանկացած կարգավորում ընդունելի է լինելու կա՛մ մեկ, կա՛մ մյուս երկու կողմերի համար: Ցավոք, սա է իրականությունը: Եվ ոչ ավելին: Ուստի դեռ հիմքեր չեմ տեսնում բանակցային գործընթացի համար և չեմ տեսնում, թե այս իրավիճակում կողմերն ինչից կարող են խոսել:

– Այսինքն՝ չե՞ք կիսում այն կարծիքը, որ Մյունխենյան հանդիպումը շրջադարձային նշանակություն ուներ:

– Այն, ինչ մեզ հայտնի է հրապարակային տեղեկատվությունից, հրապարակային դեբատից Փաշինյանի և Ալիևի միջև, որևէ նորություն չէր պարունակում: Նորությունը միայն հրապարակային դեբատն էր, որը գուցե բավարարեց այդ դեբատի միայն եվրոպացի կազմակերպիչներին, որոնք տեղեկացված չեն հակամարտության իրական բովանդակությունից, պատմությունից և գուցե չհասկացան, որ դեբատը մենախոսություն էր պարզապես երկու ղեկավարների կողմից, և որպես այդպիսին՝ դեբատ չծավալվեց: Կողմերը շարունակում են զբաղեցնել միմյանց դիրքորոշումները բացառող մոտեցումներ, և դա դեռ երկար է շարունակվելու:

– Ըստ Ձեզ՝ անհի՞մն են պնդումները, թե կա նոր բովանդակություն, այլապես դա պարզապես հռետորաբանություն է:

– Այո, հռետորաբանություն է, և հասկանալի է այն, քանի որ Մյունխենյան հանդիպումից հետո անհրաժեշտություն առաջացավ սեփական դիրքորոշումը սահմանել, քանի որ այդ հանդիպումը ոչնչի չհանգեցրեց և չէր կարող հանգեցնել, քանի որ խուլ անձանց երկխոսության էր նման, բայց նպատակն էր՝ այդ հանդիպումից հետո վերջակետ դնել՝ ներկայացնելով դիրքորոշում: Բացարձակ որևէ նոր փուլ կարգավորման գործընթացում չեմ տեսնում:

– Տարածաշրջանում ներքաղաքական փոփոխություններ են ընթանում, Արցախում են ընտրություններ սպասվում, Ադրբեջանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հնարավո՞ր է՝ այս ընտրափուլերից հետո նոր էջ սկսվի:

– Ըստ իս, ոչինչ իրականում չի փոխվելու, քանի որ միակ բանը, որը կարող է գործընթացին նոր թափ և դինամիկա հաղորդել, Լեռնային Ղարաբաղի վերադարձն է բանակցային սեղան, որպեսզի բանակցությունները տեղի ունենան նախկին ձևաչափով: Բայց քանի որ Բաքվի դիրքորոշման պատճառով դա ներկայումս անհնար է, որևէ դինամիկայի հնարավորություն չեմ տեսնում: Ներկայումս սա փակուղային իրավիճակ է:

– Այս ամենին զուգահեռ՝ հակամարտող կողմերը ձեռք են բերում նոր ռազմական տեխնիկա: Հնարավո՞ր են ռազմական գործողություններ, եթե բանակցային սեղանին բացառում եք առաջընթացը:

– Վաղ թե ուշ ռազմական գործողություններն անխուսափելի են լինելու, և դրա արդյունքում հաղթողից շատ բան է կախված լինելու, բայց ներկայումս հիմքեր չկան դրանց վերսկսման համար: Հարմար պահ, որպեսզի նման գործողություններ սկսվեն՝ չկա: Հակամարտության կարգավորման երկու սցենար եմ տեսնում՝ ռազմական, որի արդյունքում հաղթողը կթելադրի կարգավորում, միջնորդներից մեկի կողմից պարտադրված արդեն իսկ բոլորին հայտնի փաթեթներից մեկի համաձայն, սակայն նման պատասխանատվություն որևէ միջնորդ ստանձնել չի ցանկանում:

Հիշեցնեմ, որ, երբ եղավ Ղարաբաղյան փոքր պատերազմը, կային հիմքեր և կային վատթարացած հարաբերություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Ամենայն հավանականությամբ, այդ փուլում Թուրքիան ունեցավ սադրիչ դերակատարություն, մղեց Բաքվին նման գործողությունների: Ներկայումս ևս, երբ բացառված չէ ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վատթարացում, կարող է խթան լինել Ադրբեջանի համար՝ պղտոր ջրում ձուկ որսալու: Բայց դեռ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերջնակետին մոտ չեն, չնայած խնդիրների առկայությանը:

Մեկ այլ խթան կարող է լինել Իրանի շուրջ իրավիճակի վատթարացումը, բայց  կարծես դրան չի հասնում իրավիճակը: Սակայն, երբ լինի տարածաշրջանային մակարդակի լարվածություն, ապա դա հիմք կարող է դառնալ նոր լարման համար:

– Ի դեպ, Կապանում մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը վերահաստատել էր իր 2016 թ. հայտնած կարծիքն ապրիլյան պատերազմում ռուսական դերակատարության մասին: Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ արձագանքը ներկայումս:

– Որևէ կերպ դա չեմ գնահատում, դրանք ավելի քան բառեր են: Մեղադրել Ռուսաստանին, երբ այդ հակամարտությամբ շատերն են զբաղվում, սխալ է: Եթե մտածենք ավելի խորը, ապա դա Ռուսաստանին շատ անհարմար իրավիճակի մեջ գցեց՝ ստիպելով ձեռնարկել քայլեր, կայացնել որոշումներ, որոնք այդ պահին Ռուսաստանը չէր ցանկանում անել: Ռուսաստանն ամենևին չէր ցանկանում զբաղվել ինքնախարազանմամբ, ստեղծել խնդիրներ իր համար:

Տեսանյութեր

Լրահոս