«Տարիքային ոչ մի խումբ իմունիտետ չունի նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ, հեշտությամբ կարող է վարակվել». Լյան Վանյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-2019 նոր տիպի կորոնավիրուսի բռնկման հետազոտման փորձագետների միջազգային խումբը, որը ժամանել էր Չինաստան, կատարված ուսումնասիրություններից հետո եկել է այն եզրակացության, որ տարիքային բոլոր կատեգորիաները ենթակա են այդ վիրուսին: Այդ մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի COVID-2019-ի հակազդման փորձագիտական հանձնախմբի ղեկավար Լյան Վանյանը։
ԱՀԿ-ի՝ նոր կորոնավիրուսի բռնկման հետազոտման միջազգային խումբը, որը կազմված էր 24 չինացի եւ օտարերկրյա փորձագետներից, Չինաստան էր ժամանել փետրվարի 16-ին եւ այցելել էր Պեկին, Գուանդունի, Սիչուանի նահանգներ, ինչպես նաեւ Ուհան քաղաք:
«Նոր տիպի կորոնավիրուսը հիվանդության նոր տեսակի հարուցիչ է, ուստի տարիքային ոչ մի խումբ իմունիտետ չունի նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ, հեշտությամբ կարող է վարակվել»,-հայտարարել է Լյան Վանյանը հետազոտման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, հիվանդացածների միջին տարիքը 51- է, 30-69 տարեկան մարդիկ կազմում են հիվանդացածների ընդհանուր թվի 77,80 տոկոսը, դեպքերի 77,5 տոկոսը գրանցված է Հուբեյի նահանգում: Փորձագետները նաեւ պարզել են, որ հիվանդացածների հետ սերտ շփում ունեցած անձանց մոտավորապես 1-5 տոկոսի անալիզները կորոնավիրուսային վարակ են արձանագրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: