Իրանի հետ սահմանի փակման հետ կապված՝ Հայաստանը հաշվարկել է բոլոր ռիսկերը. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ ՀՀ բարեկամ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության հետ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Հայաստանն ավելի ինտենսիվ, արտակարգ ռեժիմով է աշխատելու, որպեսզի հասկանա, թե կորոնավիրուսի հետ կապված գործողություններն ինչ զարգացումներ են ունենում:
«Չեմ կարծում, որ երկու շաբաթը կարող է որևէ խնդիր առաջացնել, խոսքն առաջին հերթին՝ վերաբերում է մարդկանց փոխադրումներին: Վարչապետի կողմից արդեն պաշտոնական հայտարարություն է եղել, որ բեռնափոխադրումների հետ կապված որևէ արգելք այս պահին չկա, արտակարգ ռեժիմով կվերահսկվեն վարորդները, որոնք տեղափոխում են բեռներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գոռ Գևորգյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ի՞նչ վտանգավոր ռիսկեր կան Իրանի հետ սահմանը երկու շաբաթով փակ լինելուց:
Ըստ նրա՝ Հայաստանը որևէ կերպ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացիներին չի արգելում վերադառնալ իրենց երկիր:
Նրա կարծիքով՝ Իրանում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի համար կարևոր են:
«Երկու շաբաթն այն նախնական ժամանակահատվածն է, որը, ըստ իս, տրված է՝ հասկանալու համար, թե Իրանում զարգացումներն ինչ ծավալների են հասնում, հարկ եղած դեպքում այս հարցը ևս մեկ անգամ կդրվի քննարկման: Մենք հույս ունենք, որ մարդկությանը սպառնացող նման երևույթները հնարավորինս կարճ ժամկետ կունենան, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման և համապատասխան արձագանքելուն»,- շեշտեց պատգամավորը:
Նա նաև ընդգծեց, որ Իրանի հետ սահմանի փակման հետ կապված՝ Հայաստանը հաշվարկել է բոլոր ռիսկերը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ երկու շաբաթով Հայաստանը փակում է Իրանի հետ սահմանը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածվածությամբ, որը վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր նաև Իրանում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում