Բաժիններ՝

ԱՄՆ-ը 3 մլրդ դոլար գումարի ռազմական ուղղաթիռներ ու տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական ուղղաթիռներ եւ այլ մարտական տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին: ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 24-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միասին ելույթ է ունեցել Հնդկաստանի Հուջարաթի նահանգում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով։

«Ես ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ վաղը (փետրվարի 25-ին) մեր ներկայացուցիչները գործարքներ կստորագրեն Հնդկաստանի զինված ուժերին 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի մարտական ուղղաթիռներ եւ այլ սարքավորումներ մատակարարելու վերաբերյալ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարւը, որի ելույթը հեռարձակվել է NDTV հեռուստաալիքի եթերում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին երկօրյա այցը Հնդկաստան սկսել է Ահմադաբադ այցելությամբ, որը Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքն է: Նախագահական ինքնաթիռը, որում եղել են Սպիտակ տան ղեկավարը, նրա կինը՝ Մելանյա Թրամփը, ինչպես նաեւ 12 մարդուց բաղկացած պաշտոնական պատվիրակությունը, վայրէջք է կատարել Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Փաթելի անվան օդանավակայանում:

Սպասվում է, որ Ահմադաբադից հետո Թրամփը կնոջ հետ միասին կայցելի Ագրա քաղաք, որտեղ նրանք կդիտեն Թաջ-Մահալ թանգարանը: Այնուհետեւ Սպիտակ տան ղեկավարը կժամանի Նյու Դելի: Փետրվարի 25-ին պլանավորված են նրա բանակցությունները Հնդկաստանի վարչապետի, ինչպես նաեւ երկրի նախագահ Ռամ Նաթհ Քովինդի հետ:

Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի հնդկական բիզնես-հանրակցության ներկայացուցիչների եւ ամերիկյան դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Փետրվարի 25-ի երեկոյան պլանավորված է ընթրիք, որը կանցկացվի նախագահական պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս