Կառավարության որոշմամբ այսօրվանից երկշաբաթյա ժամկետով կփակվի Իրանի հետ ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը՝ որոշակի բացառություններով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:
Նիստում քննարկվել են աշխարհում և մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է այս պահի դրությամբ առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության և մահացության վերաբերյալ, անդրադարձել մեր երկրում կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին՝ Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, ՀՀ բժշկական հաստատությունների տեխնիկական պատրաստվածությանը և ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածությանը: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հետագա քայլերը, այդ թվում նաև՝ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն առնչվող իրավիճակով պայմանավորված անելիքները: Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք մեր անելիքները՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի մուտքը կանխարգելելուն ուղղված գործողությունների հետ, և այս քննարկման հրատապությունը կապված է նրա հետ, որ հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն կորոնավիրուսից մահվան դեպքեր ունեն. մահվան 8 դեպք ունեն, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք: Քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այսօր կառավարության որոշմամբ երկշաբաթյա ժամկետով կփակենք ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Իհարկե, կլինեն բացառություններ. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի: Որևէ սահմանափակում չի կիրառվի քաղաքացիների վերադարձի վրա. խոսքը վերաբերում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին և Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք:
Օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն որոշակի, բայց ոչ ամբողջական սահմանափակումներ: Այս սահմանափակումները, այս որոշումը մենք երկու շաբաթով կկայացնենք, և երկու շաբաթվա ընթացքում ավելի սերտ հաղորդակցության մեջ կլինենք մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ, որպեսզի իրավիճակի ավելի ամբողջական գնահատական ունենանք և նաև համատեղ որոշենք մեր հետագա անելիքներն այս ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ արձանագրել նաև, որ որևէ խուճապի անհրաժեշտություն չկա: Այո, կա խնդիր, բայց, փառք Աստծո, գոնե մինչ այս պահը Հայաստանի Հանրապետությանը, մեզ հաջողվել է խուսափել կորոնավիրուսով հիվանդ ունենալուց, և հույս ունենք, որ մեր ձեռնարկված միջոցների շնորհիվ նաև կկարողանանք պահպանել այս վիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է շատ սառը, սթափ, հանդարտ վերաբերմունք ունենանք այս իրավիճակին, և խուճապային տրամադրությունների և լուրերի տարածումը, իհարկե, որևէ կերպ խնդրի լուծմանը չի օգնում:
Արձանագրենք նաև, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունեն այս պահին անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները՝ ախտորոշելու հիվանդությունը: Եվ նաև արձանագրենք, որ հանձնաժողովը գործում է հունվարի 30-ից, և սահմանային հսկողությունը խստացվել է դեռևս դրանից առաջ էլ՝ հունվարի 24-ից: Այնպես որ, շատ կարևոր է արձանագրել, որ մենք ոչ թե Իրանում հիվանդությունների դեպքերի արձանագրման ենք արձագանքում, այլ մենք այս պրոցեսը շատ ավելի շուտ ենք սկսել և հույս ունենք, որ մեր աշխատանքի այս մեթոդը հետագայում նույնպես կլինի արդյունավետ:
Այսօր կառավարությունը հեռակա նիստով կկայացնի որոշում, և որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից: Իհարկե, որոշակի ճկունություններ կան, ընթացիկ պրոցեսները կառավարելու հնարավորություն պետք է տրվի, այսինքն՝ 100 տոկոսով սահմանը չի փակվում, այլ, ինչպես ասացի, արդեն թվարկված բացառություններով»: