Բաժիններ՝

Ֆրանսիայում աննպատակահարմար են համարել Իտալիայի հետ սահմանի փակումը

Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին հայտարարել է, որ Իտալիայի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չկա այնտեղ կորոնավիրուսի տարածման ֆոնին։

«Սահմանների փակումը նպատակահարմար չի լինի, քանի որ վիրուսի շարժը երբեմն սահմանափակված չէ վարչական սահմաններով»,-նշել է Ջեբարին BFM Business հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Իտալիայի հետ սահմանների փակման անհրաժեշտության վերաբերյալ հարցին:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 150-ը: Վարակի զոհ է դարձել արդեն չորս մարդ: Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել երկրի հյուսիսային տարածաշրջաններում, հիմնականում Լոմբարդիայում (111 դեպք) եւ հարեւան Վենետոյի մարզում: Այդ տարածաշրջանների, ինչպես նաեւ Պիեմոնտի, Էմիլիա Ռոմանիայի, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի, Լիգուրիայի եւ Տրենտինո Ալտո Ադիջեի իշխանությունները հայտնել են մեկ շաբաթով դպրոցներն ու համալսարանները փակելու մասին:

Լոմբարդիայում եւ Վենետոյում որոշում է ընդունվել բոլոր հանրային միջոցառումների, ներառյալ մշակութային, մարզական եւ կրոնական միջոցառումների արգելման մասին: Վենետիկում ժամկետից երկու օր շուտ է ավարտվել տեղի հռչակավոր Կառնավալը, փակ է Սան Մարկոյի բազիլիկի մուտքը: Միլանում փակվել է քաղաքի գլխավոր Դուոմոյի տաճարը:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խոստովանել է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չէին սպասում, բայց կարծում է որ բռնկման կասեցման նպատակով իրենց կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետությունը կդրսեւորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել է «համազգային բնույթի արտակարգ դրության մեջ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս