Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ստեփանակերտում բողոքի ակցիա էին կազմակերպել «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին:
Նշենք, որ աս կուսակցությունը ստեղծվել է մեկ ամիս առաջ և բավականին կասկածելի ծագում ունի. կուսակցության աչքի ընկնող դեմքերը, ինչպես նաև ակցիայի բուն մասնակիցները Սամվել Բաբայանի հետ ակտիվ փոխհարաբերություններ ունեցող անձինք են։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ունեցած միջադեպն անուղղակի կերպով կարող է կապված լինել Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերից հնչեցրած մեսիջների հետ։
Մասնավորապես՝ Փաշինյանն իր խոսքի ենթատեքստում ակնարկել էր, որ ոչ մի կերպ չի հանդուրժի, որ Արցախում ծայրահեղ գաղափարներ կրող գործիչներ գան իշխանության գլուխ։
Նշենք, որ պաշտոնական Երևանը որոշակի անհանգստություն էր հայտնել Վիտալի Բալասանյանի կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Ի դեպ, ներկա պահին, ըստ տեղեկությունների, Բալասանյանն ունի մոտավորապես 15 տոկոսանոց վարկանիշ։ Ըստ օդում կախված լուրերի՝ Արցախում տեղի ունեցած միջադեպն ուղղակիորեն կազմակերպվել է Բաբայանի ձեռամբ, չի բացառվում՝ Երևանի ուղղորդմամբ։
Զավեշտալին այն է, որ ցուցարարները Ստեփանակերտի կենտրոնում վանկարկում էին ոչ միայն Արցախի Արտակարգ իրավիճակների նախարար Լևոն Մնացականյանի, այլև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, ում մնացել է պաշտոնավարել ընդամենը մեկ ամիս։ Սա խոսում է այն մասին, որ այդ կոչերն ընդամենն առիթ են հանդիսացել մայրաքաղաքում որոշակի աժիոտաժ ու լարվածություն ստեղծելու համար։
Մեր տեղեկություններով՝ ներկա պահին հաղթելու հավանականություն ունեցող հիմնական թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ռեսուրսների հաշվին ունի որոշակի մեկնարկային առավելություն և բավական առաջ է անցել իր հիմնական հակառակորդ Մասիս Մայիլյանից։