Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. կան արգելափակված քաղաքացիներ
Փետրվարի 21-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Բ., ծնված 1989 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը և սահելով հայտնվել դաշտում:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յուրա Կ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Մհեր Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Յուրա Կ.-ինը՝ ծանր:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: