Իրանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները
Իրանի Սահմանադրության պահպանման խորհրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անհեթեթ են, Թեհրանի նկատմամբ նրա քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«Այդ միջոցները ոչ այլ ինչ են, քան առավելագույն ճնշման ամերիկյան քաղաքականության ձախողումը եւ պարտությունը»,- ասել է Մուսավին, ում հայտարարությունը հրապարակված է Իրանի ԱԳ նախարարության Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն «83 միլիոն իրանցիների» դեմ, տնտեսական ահաբեկչությունը եւ ճնշումը նրանց վրա արդյունքներ չբերեցին, իսկ պատժամիջոցների ցուցակում Իրանի Սահանադրության պահպանման խորհրդից մի շարք անձանց ներառումը «ծայրահեղ աստիճանի հուսահատության» դրսեւորումն է:
Նա նաեւ խորհուրդ է տվել Վաշինգտոնին հրաժարվել Իրանի նկատմամբ «պատժամիջոցների լեզվից» հօգուտ հարգալից վերաբերմունքի՝ սահմանափակիչ միջոցները որակելով «անհեթեթ» եւ «որեւէ նշանակություն չունեցող», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: