Բաժիններ՝

Լոնդոնում հանձնել են Brit Awards 2020 երաժշտական մրցանակը

Լոնդոնի O2 Arena մարզադաշտում հայտարարել են Մեծ Բրիտանիայի Brit Awards 2020 ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի դափնեկիրներին: Ռեփեր Stormzy-ն երկրորդ անգամ բարձրագույն պարգեւն է ստացել «Բրիտանացի լավագույն մենակատար» անվանակարգում: Փոփ-երգչուհի Mabel-ը նույն պարգեւն է ստացել որպես երգչուհի: Նրա High expectations դեբյուտային ալբոմը միանգամից առաջին տեղերն զբաղեցրեց UK Albums Chart բրիտանական չաթում, իսկ ավելի ուշ հայտնվեց Billboard 200-ում։

Երգիչ Լյուիս Քափալդին միակն է, որ ստացել է երկու արձանիկ՝ «Լավագույն կոմպոզիցիա» եւ «Լավագույն բրիտանացի նոր կատարող» անվանակարգերում: O2 Arena-ի բեմում նա կատարել է իր “Someone you loved” հիթը: 2018 թվականի նոյեմբերին կայացած ռելիզից հետո այդ թրեքը գլխավորել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի երաժշտական չարթերը:

Ռեփեր Դեյվը դափնեկիր է դարձել «Լավագույն բրիտանական ալբոմ» անվանակարգում: Նրա Psychodrama սկավառակը, որը թողարկվել է 2019 թվականի մարտին, գլխավորել է UK Albums Chart հիթ-շքերթը: «Գրեմմի»-ի հինգ մրցանակի դափնեկիր Բիլլի Այլիշն ընտրվել է «Լավագույն օտարերկրյա երգչուհի»: Արարողության ժամանակ նա առաջին անգամ հանդես է եկել “No time to die” երգի կենդանի կատարմամբ, որը ձայնագրվել էր Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համար:

«Լավագույն բրիտանական խումբ» է ճանաչվել Foals-ը: Ռոքերների համար սա առաջին պարգեւն է Brit Awards-ում: Խմբի ֆրոնտմեն Յանիս Ֆիլիպակիսի խոսքով՝ երաժիշտները չէին սպասում, որ դափնեկիր կդառնան: Այդուամենայնիվ, Foals-ին հաջողվեց առաջ անցնել Coldplay-ից, Bastille-ից, Bring Me The Horizon-ից եւ D-Block Europe-ից, որոնք նույնպես անվանակարգորդների թվում էին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս