«Չեմ պատրաստվում հրաժարական տալ». ԶՈւ ԳՇ պետ
ԱԺ-ում ավարտվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ աշխատանքային փակ քննարկումը, որը նախաձեռնել էին
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները:
Փակ նիստի ավարտից հետո Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն հարցերն ու խնդիրները, որոնք քննարկվել են փակ ռեժիմով, հրապարակման ենթակա չեն:
«Կարող եմ ասել, որ բավականին արդյունավետ քննարկում էր, բազմաթիվ մտահոգություններ, որոնք մենք ունեինք, ստացան իրենց անաչառ պատասխանը, մենք շատ գործ ունենք անելու՝ որպես օրենսդիր, եղան պայմանավորվածությունննր աշխատելու Գլխավոր շտաբի հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Լրագրողները ԳՇ պետ Արտակ Դավթյանից հետաքրքրվեցին՝ հաշվի առնելով բանակում տիրող վերջին իրավիճակը՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ:
«Հրաժարական չեմ պատրաստվում տալ: Ինչ վերաբերում է շահարկումներին, որ 13 զոհ ունենք, ապա նրանցից չորսը հիվանդության պատճառով է եղել, չորսն էլ՝ դժբախտ պատահարի, ինքս որոշ զոհերի հուղարկավորությանն էլ եմ մասնակցել, եղել եմ տարբեր զորամասերում, դրանից չեմ խորշում»,- շեշտեց Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Արտակ Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: