«Մենք հասարակական կոլապսի մեջ ենք». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ այսօրվա հայաստանյան հասարակությունը իր մտածելակերպով շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան 1990-ականների հետխորհրդային սերունդը: Այս տեսակատը հայտնեց նա այսօր տեղի ունեցած փաստաբանների հավաք-քննարկման ժամանակ:

Իշխանյանն այս տպավորությունը ստացել է 2018 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերից հետո տեղի ունեցած այն իրադարձությունների արդյունքում, երբ սկսվել էին նախկին քաղաքական գործիչների պաշտպանությունը ստանձնած փաստաբանների նկատմամբ զանգվածային հարձակումներ:

«Ես հիշում եմ, երբ  պարզվեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների թիմի կազմը, բավականին ճանաչված քաղաքագետ, որն անընդհատ ելույթներ էր ունենում, հենց հեռուստատեսային ելույթի ժամանակ նրանց «տականքներ» անվանեց: Սա եվրոպական արժեքներին դավանող քաղաքագետ էր: Վերջերս տեսա՝ իրավապաշտպան կոչված մեկը հայհոյում է փաստաբաններին: Ավելին, երկու իրավապաշտպան զրույցի ժամանակ ասում էին, որ ՍԴ անդամներին պետք է կալանավորել: Այսինքն, իրավապաշտպաններ, որոնք անցել են կուրսեր, սեմինարներ, անմեղության կանխավարկածը մոռացել են: Մենք հասարակական կոլապսի մեջ ենք»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ քաղաքակիրթ իշխանություն ունենալու պարագայում իշխանությունը պետք է զսպեր նման մոտեցումները:

«Իմ տպավորությամբ, արդեն՝ համոզմամբ, ոչ թե զսպելու, այլ ոգևորելու մասին է խոսքը, այդ ամենը խրախուսելու մասին է խոսքը: Սա կոլապս է»,- նշեց իրավապաշտպանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս