Շանհայում կորոնավիրուսից ապաքինվածները որոշել են արյուն հանձնել հիվանդներին. «Սինհուա»
Քսանութ մարդ է փետրվարի 14-ին Չինաստանի Շանհայ քաղաքի հիվանդանոցներից դուրս գրվել նոր կորոնավիրուսից ապաքինվելուց հետո, նրանցից վեցը ցանկություն են հայտնել կամավոր արյուն հանձնել հիվանդներին: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չինացի բժիշկները մշակել են COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ: Հիվանդներին սկսել են փոխներարկել այդ հիվանդությունից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այդ մեթոդը թույլ է տվել փրկել օրհասական վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդների. նրանց վիճակի բարելավում է տեղի ունեցել բուժընթացից արդեն 12 – 24 ժամ անց: Ապաքինվողների արյան մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ՝ մեծ քանակությամբ հակամարմիններ:
«Հիվանդանոցից հեռանալուց առաջ բուժքույրն ինձ հարցրեց, թե ցանկանում եմ արդյոք արյուն հանձնել բուժման եւ հիվանդության հետազոտման համար: Ես մտածեցի, որ հիանալի հնարավորություն ունեմ ուրիշներին օգնել այն բանից հետո, երբ օգնեցին ինձ: Այժմ, երբ ես ապաքինվել եմ, իմ արյունը պարունակում է հակամարմիններ, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր գտնվում են ծանր վիճակում, վիրուսի հետ պայքարում»,- գործակալությունը փոխանցել է դոնորներից մեկի խոսքը:
Տեղի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Շանհայի հիվանդանոցներից ներկա դրությամբ դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված 90 պացիենտ: Նա հավելել է, որ կորոնավիրուսով վարակվածների 90 տոկոսի դեպքում Շանհայում պացիենտների բուժման համար կիրառվում են ավանդական չինական բժշկության մեթոդիկաները:
Իշխանությունները հորդորել են ապաքինված պացիենտներին՝ արյուն հանձնել կարիքավորներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: