«ԲՀԿ-ն որևէ բանում երբեք կաշկանդված չի եղել». Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ այսօր կուսակցության խորհրդի նիստում որոշում կընդունեն Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշման վերաբերյալ, որն ընդունելիս հավատարիմ են մնալու իրենց սկզբունքներին և դիրքորոշումներին։

«Մենք շեշտել ենք, որ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, բայց հանրաքվեին հասնելու համար կար իրավական ճանապարհ, որը մենք պետք է անցնեինք շատ գրագետ, իրավական թնջուկ կար, և մենք ասում էինք՝ այն հաղթահարենք, կամ ի՞նչ կլիներ, եթե մեկ-երկու շաբաթ էլ սպասեինք, որպեսզի Վենետիկի հանձնաժողովից ստանայինք կարծիք»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավորը։

Ըստ պատգամավորի՝ իրենց կարծիքը՝ հանրաքվեի հետ կապված, չի ուշանում, հանգիստ են, քանի որ գնացքից չեն ուշանալու՝ամեն ինչ իր հունով ընթանում է։

«Երբեք, մենք որևէ բանում կաշկանդված չենք եղել, հեղափոխության ժամանակ բոլոր ուժերը դուրս են մղվում, և նրանց փոխարինելու են գալիս նոր ուժեր, ԲՀԿ-ն ինչպես մնացել է, այնպես էլ լինելու է։ Հանրաքվե անցկացնելու հարցի հետ կապված՝ մենք ԱԺ ամբիոնից հայտարարել ենք, որ պատրաստ ենք 24 ժամ մնալ և իրավական խութերը քննարկել, բայց պատասխան չեղավ։ Հիմա իրավական գործընթաց է, որն ունի թերություններ, ի՞նչ անենք, ներքաշվենք դրա մեջ»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։

Իվետա Տոնոյանի խոսքով էլ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր անելիքները, սահմանում օրակարգ և դրանով շարժվում առաջ: Պատգամավորը հույս հայտնեց, որ  իրենց ընդունած որոշմանը գործընկերները հարգանքով կվերաբերվեն: «Այստեղ կյանքի ու մահվան հարց չկա, եթե դիտարկում ենք այն օրակարգը, որն այսօր իշխանությունները բերել են առաջ»,- շեշտեց Իվետա Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս