Ո՞ւմ էր ակնարկում Սուրեն Պապիկյանը

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաստատեց «Հրապարակ»-ի՝ իր դատվածության մասին տեղեկությունը: Նա նշեց, որ ծառայել է ռուսական բանակում, վիրավորել են իր արժանապատվությունը, ինչի արդյունքում տեղի է ունեցել միջադեպը: Պապիկյանն ասաց, որ իր կենսագրությունում չի ներկայացրել դատվածության փաստը, քանի որ կրել է պատիժը և ազատ է արձակվել համաներմամբ, ըստ այդմ՝ դատվածությունը համարվում է մարված: Սուրեն Պապիկյանը հայտարարեց նաև, թե այս տեղեկատվական արտահոսքը տեղավորվում է «Այո»-ի շտաբի նկատմամբ սկսված հակաքարոզչության մեջ, և դիմեց ԱԱԾ պետին ու ոստիկանապետին՝ պահանջելով պարզել՝ ո՞վ է կազմակերպել ոստիկանության հատուկ բաժնում պահվող այդ ինֆորմացիայի արտահոսքը՝ ակնարկելով, որ դա արել է իրավապահ համակարգում եղած նախկին բարձրաստիճան պաշտոնյան կամ պաշտոնյաները, որոնք այսօր խոսում են պատվից, սպայական պատվից: «Տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել մեր՝ ՀՀ պետական պաշտոնյաների, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով: Սա անընդունելի է, և տվյալ անձինք այսօր խոսում են պատվից, խոսում են սպայի պատվից»,- ասաց նա:

Պապիկյանը թեև անուն չի նշել, սակայն նրա խոսքի ենթատեքստից կարելի է ենթադրել, որ թափանցիկ ակնարկ է անում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանի մասին: Նախ՝ նա նշում է, որ իր անձի մասին այդ տեղեկությունները պահվել են ոստիկանության հատուկ բաժնում, որը հուշում է, որ արտահոսքը կարող էր կայանալ Վալերի Օսիպյանի առնվազն գիտությամբ, ապա ակնարկում է Արթուր Վանեցյանին՝ նշելով, որ նրանք այսօր խոսում են «պատվից, սպայական պատվից»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրենն իր հրաժարականի կոշտ հայտարարությունում «կանգ առ»-ի սթափեցնող կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին՝ այն ավարտելով «պատիվ ունեմ» ձևակերպմամբ: Հարց է առաջանում, եթե Սուրեն Պապիկյանն իսկապես տեղեկություններ ունի, որ հենց այս երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն են կազմակերպել արտահոսքը, ապա ինչո՞ւ նա անուններ չի նշում: Եթե նա ունի տվյալներ, որ այդ արտահոսքի հեղինակները իրենց նախկին գործընկեր բարձրաստիճան պաշտոնյաներ են, ապա առնվազն պարտավոր է հայտնել այդ մասին:

Մյուս կողմից էլ՝ չի բացառվում, որ սա հատուկ ընտրված մարտավարություն է, որը միտում ունի շեղել հանրության ուշադրությունը իշխող կուսակցության ղեկավարի, «Այո»-ի շտաբի համակարգողի քրեական անցյալից և ժողովրդի ուշադրությունը կենտրոնացնել, այսպես կոչված, հակառակորդների վրա, որոնք զբաղված են իշխանության դեմ կոմպրոմատներ հավաքելով:

Այլ կերպ ասած, Սուրեն Պապիկյանը փորձում է «զեղծարարից» դառնալ «զոհ», քննադատության թիրախն իրենից ուղղել այլոց վրա: Սուրեն Պապիկյանն իր խոսքում նշում է, նաև այս հրապարակումը միտված է «մրոտելու» իրեն: Բայց Պապիկյանի ասածը հիմնավոր կլիներ, եթե պարզվեր, որ հրապարակումը կեղծ է և հորինվել է հատուկ նրան սևացնելու համար: Մինչդեռ այս պարագայում գործ ունենք ճշգրիտ տեղեկության հետ, որն այսքան ժամանակ բարձրաստիճան պաշտոնյան թաքցրել է ժողովրդից, բայց այն, այնուամենայնիվ, հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում:

Ճիշտ կլիներ նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ ազնիվ ու թափանցիկ լինելու մի կոչ էլ ուղղի իր թիմակիցներին:

Տեսանյութեր

Լրահոս