Մոսկվան հավատում է, որ Թուրքիան կապահովի երկրում աշխատող ՌԴ բոլոր քաղաքացիների անվտանգությունը

Կրեմլը հավատում է, որ Թուրքիան կապահովի այդ երկրում աշխատող բացարձակապես բոլոր ռուսաստանցների անվտանգությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է մեր դեսպանի, Թուրքիայում Ռուսաստանի դիվանագիտական ներկրայացուցչության ղեկավարի շուրջ իրադրությանը, ապա մենք չենք կասկածում, որ թուրքական կողմն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի Ռուսաստանի դեսպանի եւ բոլոր աշխատակիցների՝ Թուրքիայում գտնվող ռուսական ընկերությունների, ռուսական արտասահմանյան հիմնարկությունների առանց բացառության բոլոր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար Վիեննայի կոնվենցիային համապտասխան, ինչպես նաեւ մեր երկկողմ հարաբերությունների ոգուն համապատասխան»,-փետրվարի 14-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան հայտնել է, որ Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: «Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել է նա: Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետեւյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք է դրա հետ հաշվի նստել»,- հավելել է մամուլի կցորդը:

Տեսանյութեր

Լրահոս