«Իշխող խմբակցության կազմում ոչ մի մեծահարուստ չկա, Ճիշտ եմ ասում չէ՞». Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում
Օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն, Հայաստանում հեղափոխության պահից ի վեր, ի բնե չի կարող լինել օլիգարխ կամ օլիգարխիա, որովհետեւ Հայաստանում չկա քչերի իշխանություն, կա շատերի իշխանություն եւ Հայաստանում ձեր նշած անձանցից ոչ մեկը չունի այն իշխանությունը եւ ազդեցությունը, որ ունեցել է 2018 թվականից առաջ։ Այս մասին փետրվարի 13–ին, Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, թե Հայաստանում շարունակվում է օլիգարխիան, եւ որ խարհրդարանում եւս կան օլիգարխներ եւ իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ են։
«Շատ կարեւոր մի հանգամանք՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ–ում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք տեղի չի ունեցել։ Սա շատ կարեւոր եմ համարում, բայց մյուս կողմից ես ասացի, որ Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում բյուջեի հավելյալ 1 միլիարդ դոլարից ավելի եկամուտներ են ապահովվել»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց, որ առաջիկայում հակակոռուպցիոն քննչական մարմին են ստեղծում, հակակոռուպցիոն դատարան են ստեղծում, արդեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է ստեղծվել. «Մեր խորհրդարանում գործարարների ներկայությունը, խոշոր բիզնեսի ներկայությունը, անգամներով չեմ կարող ասել, բայց հիմա համարյա ձգտում է զրոյի։ Իշխող խմբակցության կազմում ոչ մի մեծահարուստ չկա, ոչ մի, Ճիշտ եմ ասում չէ՞, չկա ոչ մի մեծահարուստ։ Ոչ մի մեծահարուստ չկա։ Եվ սա ամենակարեւոր արձանագրումն է»,-ընդգծեց նա:
Ամբողջությամբ՝ news.am կայքում։