Բաժիններ՝

Սիրիայի խորհրդարանի՝ Ցեղասպանության ճանաչման բանաձևը հայ-սիրիական բարեկամության վկայությունն է. ԱԳՆ

Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում, նշված է ՀՀ ԱԳՆ-ի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ տարածած հայտարարության մեջ ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Բարձր ենք գնահատում Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Երիտթուրքական կառավարության կողմից սանձազերծված ցեղասպանությունը, որի մի զգալի հատվածն իրականցվել է այն ժամանակ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Սիրիայի տարածքում, հայ և սիրիացի ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության մասն է կազմում։

Սիրիացի ժողովուրդն ականատեսը լինելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությանը՝ առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց ցեղասպանության զոհերին: Հազարավոր վերապրածներ Սիրիայում վերգտան իրենց նոր հայրենիքը՝ կազմավորելով հայ ամենածաղկուն համայքներից մեկը և իրենց ներդրումն ունեցան Սիրիայի զարգացման գործում:

Այս բանաձևը վառ վկայությունն է հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Այսօր, երբ դժվարին փորձությունների միջով է անցնում Սիրիայի ժողովուրդը, մենք մեր համերաշխությունը և զորակցությունն ենք հայտնում առկա մարտահրավերների հաղթահարման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս