«Ֆուտբոլի հաղթանակներն էլ են ինտելեկտից ծնվում». Աննա Հակոբյանը հանդիպել է «ԲԿՄԱ Երևան» ակումբի ֆուտբոլիստների հետ
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 13-ին «BKMA Երևան» ակումբի ֆուտբոլիստների հրավերով այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա և հանդիպել ակումբի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ: Հանդիպմանը ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը ներկայացրել է «BKMA Yerevan»-ի գործունեությունը:
«Երբ այս հանդիպման առաջարկությունը եկավ՝ չէի կարող մերժել, առաջին հերթին այն պատճառով, որ դուք բոլորդ զինվորական ծառայության տարիքի երիտասարդներ եք, և, ինչպես գիտեք, ես ունեմ որդի, որն այս պահին ծառայում է և ուղղակի ձեզ հետ հանդիպումն ինձ համար շատ կարևոր է: Ուրախ եմ, որ այս առիթն իսկապես եղավ: Սա ինձ համար ջերմ առիթ է»,- ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ կրթությունն այն թեման է, որի մասին ցանկանում է խոսել երիտասարդ ֆուտբոլիստների հետ և դա այն թեման է, որ շուրջ մշտապես խոսում է իր որդու հետ:
«Ծնողի համար ամենակարևորն իր երեխայի լավ կրթությունն է: Ինչո՞ւ է այդպես: Մենք իմ ամուսնու հետ երկար խոսել ենք այս թեմայով, քննարկել. ծնողը շատ բան կարող է տալ իր երեխային՝ սկսած բանկի հաշվեհամարից վերջացրած մեքենայով, բայց դա, մեր խորին համոզմամբ, շատ կարճաժամկետ է: Մենք եկել ենք այն եզրակացությանը, որ դրանով այն ծնողները, ովքեր գնում են այդ գայթակղությանը, իրականում չզգալով վնասում են իրենց երեխային: Ո՞րն է մեր մոտեցումը, մեր ընտանիքի մոտեցումը. եթե ուզում ես քո ծնողական պարտքը լավագույնս կատարես՝ պետք է իրեն լավ կրթության հնարավորություն տաս, որովհետև լավ կրթությունն է, որ երեխային օգնելու է այս աշխարհում ամուր կանգնել իր ոտքերի վրա, ունենալ իր մասնագիտությունը»,- ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ դահլիճում ներկա ֆուտբոլիստներն աստծո կողմից մեծ շնորհ ունեն:
«Առանձնանում եք բոլորից ձեր շնորհով: Ծառայությունը տարբեր է, զինվորական ծառայությունը կարևոր է, բայց երկրին կարող ես այլ ծառայություն մատուցել, ինչպես երեկ Արթուր Ալեքսանյանը՝ հինգերորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալով: Դա ավելի պակաս ծառայություն չէ»,- ասաց Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը խորհուրդ է տվել ֆուտբոլիստներին չսահմանափակվել միայն սպորտային կարողությունները զարգացնելով: «Որովհետև ինչպես վարչապետն է բազմիցս ասում՝ բոլոր գործոններում սկսած ֆուտբոլից, միայն ֆիզիկական պատրաստվածությունը բավարար չէ: Ամեն ինչ ինտելեկտից է գալիս, ֆուտբոլի հաղթանակներն էլ են ինտելեկտից ծնվում: Իսկ ինտելեկտը միայն մարզումը չէ: Դրա համար, իմ կարծիքով, դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր կրթությանը՝ ոչ մարզական իմաստով: Որից միայն ու միայն կշահեք: Մրցակցությունը մեր ժամանակներում շատ մեծ է, և միայն ֆիզիկական հնարավորություններով ոչնչի հասնել չես կարող»,- ասել է Աննա Հակոբյանը:
Հանդիպման ավարտին ֆուտբոլիստներն Աննա Հակոբյանին նվիրել են անվանական մարզաշապիկ: