«Չի բացառվում, որ բանակում քրեական ենթամշակույթին հարելու համար զինվորներին մեղադրանք առաջադրվի». Իմքայլական պատգամավոր
Երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ բանակում տեղի ունեցող միջադեպերին՝ նշելով, որ բանակում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհեր գրանցելու պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է գնալ և տեսնել, թե բակերում, դպրոցներում երեխաներն ինչպես են շփվում:
«Ինչ խնդիր ունենք բանակում: Վարտիքի փոխելու խնդիր ենք դրել իմ վարչապետ դառնալուց հետո: Վարտիքները փոխվեց, հետո լվացքի մեքենաներով ապահովվեցին զորամասերը: Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար պրոբլեմ է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Եվ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի մի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարա այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծի: Բայց այսօրվա իմ քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մենք այստեղ պետք է մինչև գենետիկ մակարդակում այդ պրոբլեմն ախտորոշենք: Ես պաշտպանության նախարարին էլ եմ ասել, շտաբի պետին էլ եմ ասել, իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է: Կասկած ես չունեմ»,- ասել էր վարչապետը:
Անդրադառնալով վարչապետի այս ելույթին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ վարչապետն այլ բան է ցանկացել ասել, որ զինվորներից բազմաթիվ գործառույթներ վերցվել է՝ զուգարանների մաքրում, շորերի լվանալ և այլն, որպեսզի այդ ամենը խնդրո առարկա չդառնան, և զինվորները դրա շուրջ չվիճեն:
«Բայց եթե կա քրեական ենթամշակույթը, արդեն կմտածեն, թե ինչի շուրջ կարելի է թեմա սարքել, օրինակ՝ ինչու է երկու հոգու վարտիքը նույն լվացքի մեքենայի մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ ինչ էլ անենք, ինչքան էլ զինվորներին գործառույթներից ազատենք, միևնույն է՝ եթե քրեական ենթամշակույթը կա, մի բան մտածելու են և դրա շուրջ վեճ սարքեն: Օրինակ, կարող է զինվորն ասել, թե ինչու են իրեն թեք նայում, թեք նայելը բանակում արգելված է, եթե այդպես են նայում, պետք է դրա «աչոտը» տան»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը չբացառեց, որ բանակում քրեական ենթամշակույթին հարելու համար զինվորին մեղադրանք առաջադրվի:
«Կարող է լինել զինծառայող, որին այդ հոդվածով մեղադրանք առաջադրվի, այսպես որ նայում եմ՝ հաստատ կունենանք»,- շեշտեց նա:
Հարցին, օրինակ, «թզբեհ» սարքելու համար հնարավո՞ր է մեղադրանք առաջադրվի զինվորներին, պատգամավորը պատասխանեց, որ դրա համար մեղադրանք չի լինի: