«Ներկա իշխանությունները շեղվել են հեղափոխության ընթացում հասարակությունից ստացած` հիմնարար քաղաքական փոփոխություններ կատարելու ժողովրդական պատվիրանից. «Քաղաքական լիգա»

«Քաղաքական լիգայի» հայտարարությունը

«Քաղաքական լիգան», հետևելով ներհայաստանյան վերջին զարգացումներին, թավշյա հեղափոխության երկրորդ տարեդարձին ընդառաջ՝ հարկ է համարում հիշեցնել, որ համաժողովրդական ընդվզման հիմքում դրված էին հասարակական լայն զանգվածների անհնազանդությունն ու անհանդուրժողականությունը ոչ միայն նախկին կոռումպացված իշխանությունների, այլև  ավտորիտար, արատավոր քաղաքական համակարգի  հանդեպ:

Համաժողովրդական շարժման ուժգնությանը և պահանջներին հետամուտ՝ հեղափոխության առաջնորդները պետք է ձեռնամուխ լինեին նախկին քաղաքական համակարգի ապամոտնաժմանը և նորի կառուցմանը՝ պետական կյանքի, հասարակական հարաբերությունների նոր չափանիշների, սկզբունքների, հեղափոխության արժեքների ներդրմամբ՝ կերտելու հիրավի Նոր Հայաստան:

Նոր Հայաստանը պետք է կառուցվեր նոր Սահմանադրության հիման վրա՝ դրանով իսկ մերժելով ոչ միայն նախկին իշխանություններին, այլև նրանց գոյատևման հիմքը հանդիսացող և երկրի առաջընթացը կասեցնող գործող Սահմանադրությունը: Նոր Սահմանադրության մշակումը, հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը հանրային լայն քննարկումների և քաղաքական բավավեճերի միջոցով՝ պետք է դառնային առաջնահերթություն նոր իշխանությունների համար:

Մինչդեռ, հեղափոխությունից երկու տարի անց ստիպված ենք արձանագրել, որ այսօրվա իշխանություններն  ընտրեցին Սահմանադրության փոփոխման խոտոր ճանապարհը: Երկու տարվա ընթացքում նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, անընկալունակ եղան  պետական, քաղաքական նոր համակարգի և նրա հիմքը հանդիսացող  նոր Սահմանադրության ընդունման  հորդորների և կոչերի հանդեպ:  Ավելին՝ ներկաներն ընթացան նախկինների ճանապարհով՝ ընդունելով, հարմարվելով և վայելելով քանիցս կեղծված, հանրությանը պարտադրված  Սահմանադրությունը և հետադիմական քաղաքական համակարգը՝ գործող Սահմանադրությունը փորձելով դարձնել իշխանության պահպանման վահան:

Այդ նպատակին հետամուտ՝ այլափոխվեցին նաև քաղաքական փոփոխությունների սկզբունքներն ու գաղափարները՝  պետական իշխանության լծակները սկսեցին օգտագործվել նաև վրեժխնդրության և հաշվեհարդարի նպատակներով, ինչը քայքայեց քաղաքական-գաղափարական միտքը, այլակերպեց քաղաքական գործընթացները՝ դառնալով պարտադրված, կեղծ, մերժելի օրակարգ: Աստիճանաբար, նոր իշխանությունների հանդեպ հասարակական վստահությունը սկսեց երերալ, և հիմնականում պարզունակ, գավառական մտածելակերպ ունեցող մարդիկ մնացին նրանց սոցիալական և քաղաքական հենարանը:  Այդ «փաղանգում» իր բացասական դերն է խաղում իշխանությունների ձեռամբ հավաքագրված խորհրդարանը, որը քաղաքական ինքնուրույնությունից  ինքնազրկվել է՝ դառնալով գործադիր իշխանության կցորդը: Հենց այս ԱԺ-ն էլ ընդունեց երրորդական նշանակության սահմանադրական  հանրաքվեի անցկացման որոշումը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ «Քաղաքական լիգան» հայտարարում է.

– Ներկա իշխանությունները շեղվել են հեղափոխության ընթացում հասարակությունից ստացած` հիմնարար քաղաքական փոփոխություններ կատարելու ժողովրդական պատվիրանից:

– Ներկա իշխանությունների՝  Սահմանադրության  հանրաքվեի որոշումն ու իրականացումը  միտված են հասարակության ուշադրությունը շեղել սկզբունքային կարևորության խնդրից` նոր Սահմանադրության ընդունելու անհրաժեշտությունից:

«Քաղաքական լիգան»   հանրության առաջադեմ հատվածին կոչ է անում մեկտեղել ջանքերը առաջիկա հանրաքվեի քարոզարշավը վերածելու արմատական քաղաքական փոփոխությունների իրականացման, նոր Սահմանադրության  ընդունման, նոր քաղաքական համակարգի կայացման,  անձնիշխանության կասեցման, պետականությանը   սպառնացող  վտանգների չեզոքացման  գործի և կամքի:

«Քաղաքական լիգան» առաջիկայում նախաձեռնում է իրական փոփոխություններին և պահանջներին միտված հասարակական, քաղաքական, մասնագիտական հանդիպումների, խորհրդատվությունների, քննարկումների, նաև՝ քաղաքական պայքարի իրականացում:

Նոր Հայաստանին` նոր Սահմանադրություն՝ սա է իրական քաղաքական փոփոխությունների  և պետության առաջադիմության ճանապարհը

Տեսանյութեր

Լրահոս