«Խորհրդարանում թշնամական մթնոլորտն ու ճգնաժամն ավելի շատ է, քան ՍԴ-ում». Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Սահմանադրական ճգնաժամ չկա, ինչպես պնդում են իշխանությունները, և այս ամենն ընդամենը շինծու օրակարգ է:
Պատգամավորը վստահ է, որ ավելի շատ Ազգային ժողովում կա ճգնաժամ՝ իրար նկատմամբ վստահության, հանդուրժողականության ճգնաժամ:
«Խորհրդարանում թշնամական մթնոլորտն ավելի շատ է, քան ՍԴ-ում: Ամենևին չուզենալով որևէ մեկի անձը վիրավորել, այնտեղ մի ճգնաժամ կա, և դուք էլ գիտեք, թե ով է այդ ճգնաժամը: Այդ ո՞նց է, որ մինչև նրա այնտեղ գնալը ՍԴ-ն գործում էր բնականոն, հիմա հանկարծ, նրա հայտնվելուց հետո, ՍԴ-ն հայտնվեց ճգնաժամի մեջ: ՍԴ-ում ճգնաժամ չկա, այլ է խնդիրը, որ ՍԴ-ն յուրայիններով լցնելու ցանկությունը մարդիկ փորձում են բխեցնել այդ՝ առաջին իսկ հայացքից վտանգավոր իրավիճակից, թե իբր ճգնաժամ կա»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
Ըստ պատգամավորի՝ վերջին օրերին իշխանությունները բացահայտ հայտարարեցին, որ ՍԴ-ի վերաբերյալ կա քաղաքական որոշում:
«Բանն այնտեղ է հասել, որ արդեն առանձին իշխանական խոսնակներ անթաքույց ասում են, որ ՍԴ-ն մեր իշխանության դատարանը չէ: Ի՞նչ է նշանակում՝ իշխանության դատարան, ո՞վ է ասել, որ ՍԴ-ն պետք է ծառայի օրվա իշխանություններին, կատարի նրանց պատվերը: Սկզբունքորեն պետք է մերժել այն մոտեցումը, որ ցանկացած նոր իշխանություն պետք է ունենա իր սեփական դատարաններն ու դատավորները»,- շեշտեց Գ. Պետրոսյանը:
Նրա բնորոշմամբ՝ Սահմանադրական փոփոխությունների առարկան մեռյալ իրավական նորմ է, և խոսքը վերաբերում է գործող Սահմանադրության 213 հոդվածին:
«Գործող իրավակարգավորումն ասում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց լիազորությունները մինչև Սահմանադրությամբ նրանց համար սահմանված լիազորությունների ավարտը: Հիմա այդ նորմը 2018թ. ապրիլի 9-ից արդեն իրացվել է, այդ նորմն այլևս անելիք չունի: Այդ նորմը պետք է վերանա այն ժամանակ, երբ ամբողջ Սահմանադրության ուժը դադարի, նոր Սահմանադրություն ընդունվի, և հին Սահմանադրության բոլոր նորմերը, այդ թվում՝ անցումային բովանդակության, իրենց ուժը կորցնեն: Անկախ նրանից, թե ով գոռգոռալով ինչ կասի, ոչ ոք իրավունք չունի այդ նորմին ձեռք տալու»,- եզրափակեց խոսքը Գևորգ Պետրոսյանը: