«Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում»
Հաշվի առնելով Հանրապետության նախագահին առնչվող որոշ հայտարարությունների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից մեզ ուղղված հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել.
Նախագահ Արմեն Սարգսյանը լրացնում է տարեկան հայտարարագիր: Այն բաց փաստաթուղթ է, որտեղ հստակ նշված են նախագահի եկամուտները և ֆինանսական միջոցները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում:
Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium -ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները:
Գոյություն ունեն Knightsbridge տեղանունը ներառող հարյուրավոր ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում իրարից խիստ տարբեր ոլորտներում, աշխարհի տարբեր երկրներում և ունեն տարբեր սեփականատերեր ու բաժնետերեր: Knightsbridge տեղանունը ներառող ընկերությունների փոքր խումբը, որի հետ առնչություն է ունեցել Արմեն Սարգսյանը, արդեն վաղուց գոյություն չունի, այդ ընկերություններից և ոչ մեկը երբևէ որևէ ներդրում չի կատարել British Petrolium ընկերության ծրագրերում և Ադրբեջանում:
Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն