Բաժիններ՝

Չինաստանից վերադարձած հայ տղան պատմում է՝ ինչպես են Հայաստանում բժիշկները հսկողության տակ պահել իրեն

Չինաստանի Սիան քաղաքում բնակվող և ուսանող Խաչիկ Սարգսյանը Հայաստան վերադառնալուց հետո անցել է բուժզննում, որը կորոնավիրուսի որևէ ախտանիշ չի հայտնաբերել: «Արմենպրես»-ի հետ զրույցում 26-ամյա ուսանողը հայտնեց, որ կնոջ հետ Հայաստան է վերադարձել Թաիլանդից, որտեղից պատրաստվում էր հունվարի 30-ին ուսումը շարունակելու նպատակով մեկնել Չինաստան:

«Չինաստանում սովորում եմ դոկտորանտուրայում, մենեջմենթա-ինժեներիայի ֆակուլտետում: Հունվարի 19-30-ը գտնվել եմ Թաիլանդում, որտեղից հունվարի 30-ին պետք է հետ գնայի Չինաստան, բայց քանի որ Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը տարածվեց, կնոջս հետ Թաիլանդից ժամանեցինք Հայաստան»,- ասաց Սարգսյանը:

Խաչիկի և նրա կնոջ ջերմությունը չափել են անմիջապես օդանավակայանում, հետագա հետազոտություններն էլ ցույց են տվել, որ կորոնավիրուսի հետ կապված կասկածներ լինել չեն կարող:

«Այստեղ սահմանային անցակետում, երբ ինքնառիթը վայրէջք կատարեց, մեր ջերմությունը չափեցին, հետո մեր հեռախոսահամարները վերցրեցին: Ամեն օր զանգահարել են, հարցրել՝ ջերմություն ունենք, թե՝ ոչ: Երբ ես և կինս մեր հանգստության համար զանգահարեցինք, և նշեցինք, որ ուզում ենք ստուգվել, մեզ ստուգեցին, քսուքներ վերցրեցին կոկորդից, քթանցքներից, երակից արյուն վերցրեցին, թոքերի ռենտգեն արեցին, և ասացին, որ ամեն ինչ նորմալ է: Կորոնավիրուսի թեստերով չենք ստուգվել, դրա իմաստն էլ չկար: Կորոնավիրուսի թեստ պետք է արվի այն ժամանակ, երբ մարդն ունի ջերմություն կամ ինչ-որ նախանշաններ»,- նշեց նա:

Խաչիկ Սարգսյանը Սիան պետք է վերադառնար փետրվարի 13-ին, բայց նրա համալսարանը դասապրոցեսի վերսկսումը հետաձգել է մինչև փետրվարի 23-ը: Խաչիկի խոսքով՝ այդ օրն էլ դեռ վերջնական որոշված չէ:

«Եթե Չինաստանում կորոնավիրուսով կասկածվողների քանակը չշատանա, նշանակում է, որ նրանք հիվանդությունը վերահսկողության տակ են պահում, բայց հիվանդների քանակը շատանում է, նաև կասկածվողների քանակն է շատանում, և նշանակում է, որ հիվանդությունը այդքան էլ վերահսկողության տակ չէ: Հետևաբար, համալսարանից մեզ ասացին, որ դասապրոցեսի վերսկսման օրը նորից կարող է փոխվել: Սիանում հունվարի 23-ի դրությամբ 2 հոգի է եղել վարակված, ներկա դրությամբ 74 հոգի է վարակված»,- ասաց Սարգսյանը:

Ուսանողը նշեց, որ Սիանում ապրող իր մյուս ծանոթների մոտ նույնպես հիվանդության որևէ կասկած չի հայտնաբերվել:

«Ես մեծամասնության հետ կապի մեջ եմ, բոլորը լավ են իրենց զգացել, հետևել են կանոններին, և եկել են Հայաստան: Մարդիկ կան, որ Սիանից մեկնել են Ռուսաստան, այնտեղ ստուգվել, նոր են վերադարձել Հայաստան»,- նշեց նա:

Խաչիկ Սարգսյանը Հայաստանից 550 բժշկական դիմակ է ուղարկել Սիանի իր համալսարան, քանի որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, քաղաքում մեծացել է դրանց պահանջարկը:

Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել Է 28 հազարը, 564 մարդ մահացել Է, 1153-ն՝ ապաքինվել: Երկրում կարանտինի մեջ է ավելի քան 186,3 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 19,6 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել Է 549 մարդ, դուրս են գրվել 633-ը:

Նորայր Շողիկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս