«Սա մարտավարություն է, որևէ անփութության խնդիր չկա… Եթե պետք լինի, ութսունութս էլ կստորագրենք». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծում տալու իրենց նախաձեռնություններում, քայլերում անփութություն չկա, դա մարտավարություն է: 

Անդրադառնալով դիտարկումներին, թե  շտապողականությունը շատ է, որն անփութությունների է հանգեցնում, որ ԱԺ խորհրդի նիստերը, հետո ԱԺ նիստը հետաձգվում է, նա նշեց` անփութություն չկա, սա մարտավարություն է: «Սա մարտավարություն է, որևէ անփութության խնդիր չկա: Ինչպես ի սկզբանե որոշվել է, այնպես էլ արվել է»,- ասաց նա ու հավելեց` արվելու է մինչև վերջ:

Նա նկատեց` ոմանք խոսում են այն մասին, թե 37 հոգին են ստորագրել ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու նախագծին, մնացածը չեն միացել: «Եթե պետք լինի, ութսունութս էլ կստորագրենք: Ութսունութիս մոտ նույն կարծիքն է, որ ճգնաժամը լուծվելու է: Որևէ գաղտնիք չկա, որ դա արվում է այդ ճգնաժամը լուծելու համար: Շատ շուտով այդ ճգնաժամը լուծվելու է»,- ասաց նա:

Նա նշեց` քաղաքական որոշում է կայացվել, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը և ընդհանուր դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին բաստիոն, որը մնացել է հին Հայաստանից:

Տեսանյութեր

Լրահոս