Ինչպես մնալ մարդ՝ անմարդկային պայմաններում

Համաշխարհային հոգեբանությունն այս խնդիրը խորությամբ ուսումնասիրել է: 20-րդ դարում այդ քննարկումներն ինտենսիվացան՝ բոլշևիզմի և ֆաշիզմի ժողովրդական իշխանությունների հաղթարշավների հետևանքով։ Դժվար փուլերի, փակ համակարգերի հոգեբանության առանցքային հարցերից մեկը սա է. ինչպե՞ս մնալ մարդ անմարդկային պայմաններում։

Մեր այսօրվա հայաստանյան իրականությունը՝ անկախ իր համեստ չափերից, համաշխարհային գործընթացների համար քիչ հետաքրքրություն ներկայացնելու հանգամանքից, չափավոր գավառականության և այլ պարամետրերից, տեղավորվում է ոչ ստանդարտ իրավիճակների, ինչ-որ տեղ՝ փակ համակարգերի հոգեբանության մեջ։ Այդ առումով այսօր Հայաստանում առանցքային խնդիր է՝ մնալ մարդ։ Սա շատ կարևոր է ապագայի համար։ Պայմանները գնալով բարդանալու են, ավելի հաճախ է պահանջվելու՝ անցնել կարմիր գծեր, ավելի ու ավելի դժվար է դառնալու դիմադրելը։ Բայց դա՝ դիմադրելը, շատ կարևոր է հասարակության հետագա առողջացման համար։ Սա, իհարկե, առաջին հերթին անհատական մակարդակի խնդիր է, բայց այն ուղիղ կերպով ազդում է ընդհանուր հասարակության վրա։

Ամեն ներպետական սրացում 2-3՝ հանրությանը ոչ անհայտ դեմքի ստիպում է անցնել կարմիր գիծը, այնպես ինչպես եղավ, օրինակ, ՍԴ-ի թեմայի շուրջ։ Վիճակագրությունը դեռևս մտահոգիչ չէ, բայց դինամիկան վտանգավոր է։ Անցնել ընկերների, կոլեգաների, դասախոսների «վրայով», շտապել մատնության սեփական հերթին… մենք դեռ առաջիկայում սա տեսնելու ենք։ Ժամանակներն են այդպիսին։ Հանրության աչքի առաջ է այս ամենը արվում։ Անտիուտոպիայի ժանրի հիմնադիրներից համարվող Եվգենի Զամյատինի «Մենք» գրքում կա մի այսպիսի նկարագրություն. «ամեն օր բազմամիլիոնները հերթ էին կանգնում պահապանների բյուրոյի առաջ՝ «միասնական պետության» զոհասեղանին դնելու համար իրենց ընկերներին, սիրելիներին և նույնիսկ իրենք իրենց….»։

Հիմա Հայաստանում կա նաև հանրության աչքից հեռու ընթացող, բայց իր տհաճությամբ այդ տեսարանին չզիջող մի պրոցես։ Նրանք, ովքեր երկար տարիներով դուրս չեն եկել տարբեր նախկին բարձրաստիճանների ընդունարաններից, բաց չեն թողել նրանց սիրաշահելու որևէ առիթ, իրենց կարիերայի աճի համար պարտական են նրանց, անձնական ու ընտանեկան ընկերության էին ձգտում, հիմա, երբ իրավիճակը փոխվել է, և իրենք հրաշքով մնացել են պետական համակարգում, մոռանում են ամեն ինչ, առաջին հերթին՝ իրենք իրենց։ Խուսափում են ընդհանուր միջավայրից, խոսափում են մեկ զանգից անգամ։

Չի պահանջվում լինել հերոս, գերսկզբունքային կամ այլ բարդ բան, պարզապես՝ մնալ մարդ։ Շատ կարևոր է՝ փորձել մնալ մարդ, քանի որ անկայուն, աննորմալ ժամանակները միշտ վերջանում են։

Պատկերացրեք, եթե վաղը ՍԴ լարվածության մի նոր փուլում լայվից հնչի կոչ՝ այրել ՍԴ ներկայիս դատավորների գրքերը, նրանց գիտական աշխատությունները։ Պատկերացրեք՝ ովքեր, ինչ մրցակցային խանդավառությամբ քարշ կտան իրենց քաշից ծանր գրքերը Բաղրամյան փողոց ու ինչ էնտուզիազմով կանեն դա։ Կլինեն ավելի էնտուզիաստներ, որոնք պոռթկման պահին կառաջարկեն գրքերից հետո անցնել հեղինակներին։ Կլինեն մարդիկ իշխանության մեջ, ովքեր կսարսռան այդ տեսարաններից, մարդկային և մտավոր անկումից, իրենց հեռու կպահեն, բայց առայժմ ձայն չեն հանի։ Գուցե կլինեն առաջին մեկ–երկուսը, որ կխոսեն։

Կլինեն գործիչներ՝ ոչ իշխանական, ովքեր հստակ կդատապարտեն, կկանգնեն հեղինակների և մարդկային արժեքների կողքին։ Կլինի «իրավապաշտպանական» մի համայնք, որը ձայն չի հանի՝ հրահանգ չկա, ծայրահեղ դեպքում՝ կմեղադրի Ռուսաստանին…

Կլինեն այնպիսիք, որոնք մի կողմից կդատապարտեն, մյուս կողմից՝ կողջունեն. նրանք էլ միշտ կան։ Եվ իհարկե, կլինի մեծ հասարակություն, որի անունից այդ ամենն արվում է, բայց որը դեռևս անկարող է սեփական տեսակետը ձևավորել և, հետևաբար, պարզապես դիտում է։

Այս ամենը, հուսանք, դեռևս գեղարվեստական ժանրի տիրույթում է, սակայն հանրային պատկերն ընդհանուր առմամբ այդպիսին է։ Վերջին՝ «37-ի նախաձեռնությունը» բոլորիս ցույց տվեց, որ խմբակցության նեղ սենյակում կամ որևէ այլ քաղաքականապես չօդափոխվող կաբինետում կայացվող որոշումները չեն քննարկվում և վիճարկվում՝ անգամ եթե հակասում են համաշխարհային իրավական նորմերին և առողջ բանականությանը։

Ցավոք, չկա հնարավորություն՝ հասկանալու համար, թե հասարակության քանի՛ տոկոսին են հետաքրքում այսօրվա ՍԴ իրադարձությունները։ Հավանաբար՝ շատ փոքր։ Սա իրականություն է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Քանի՞ տոկոսին են հետաքրքրում Մնացականյան-Մամեդյարով 15 ժամյա բանակցությունները։

Հավանաբար՝ շատ քիչ տոկոսին։ Սա նույնպես իրականություն է։ Հոգեբանության մեջ կա ձևակերպում՝ «մշտապես պատշգամբից նայող հասարակություն»։ Նրանք չեն խառնվում, նրանք միշտ հանդիսատես են։ Սա էլ է իրականություն, որը պետք է հաշվի առնենք։
Սրանք կարևոր հարցեր են, շատ գործնական՝ իրավիճակից ելքեր փնտրելու համար։

Պետք է փորձել հնարավորինս ճիշտ հասկանալ հասարակության իրական ապրումները, չբարձրաձայնվող տրամադրությունները։

2017 թվականին մեկ օրում Գազպրոմի և էլցանցերի 5-6 հազար աշխատող դարձավ ՀՀԿ անդամ։ Սա քաղաքականություն չէր, սա ավելի շատ զանգվածային թրաֆիկինգի դրսևորում էր, որը նաև արձանագրեց մեկ այլ ցավալի երևույթ՝ զրոյական անհատական դիմադրության դրսևորում։ Գոնե մեկը չընդվզե՞ց։ Կարծում եք՝ շա՞տ բան է փոխվել այսօր։

Հոգեբանության տեսակետից՝ քիչ հավանական է․ փոխելու համար պետք էր կրթել, իրավագիտակցությունը բարձրացնել, այլ ոչ՝ անխնա օգտագործել, հիմա էլ՝ այլ շահերի համար։ Հիմա էլ ամբողջական կոլեկտիվներ դրվում են սոցիալական ցանցերում գործունեության համար։

Լրիվ այլ ֆենոմեն է հասարակության մի ոչ փոքր շերտի՝ ոչինչ չնկատելը։ Ինչ հակափաստարկ բերես՝ տեղ չի հասնում, և խոսակցությունն ավարտվում է նույն տեղում՝ Նիկոլը ճիշտ ա անում։ Բացատրությունը, թերևս, հետևյալն է. այս իշխանությունը, չանելով որևէ խորքային լուրջ քայլ, այնուամենայնիվ չի անում նաև որոշ արատավոր քայլեր, որոնք առաջներում բերում էին տարբեր մանր ու միջին օղակներում դժգոհությունների։ Օղակներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդկանց հետ, ազդում նրանց կենսագործունեության վրա։ Անհասկանալի է մնում, թե ինչպես էին նախորդ իշխանությունները թույլ տալիս, որ այդ հարցերը գոյություն ունենային ու մնային՝ թունավորելով շատերի կյանքը։ Դրանք շատ մակերեսային հարցեր են, որոնք պետք է լուծվեին դեռևս շատ տարիներ առաջ ու շատ զուսպ, աշխատանքային ընթացքում։ Չի արվել։ Մեր «այսօրը» նախանշող՝ երեկ բաց թողնված շատ կարևոր սխալների մասին խոսել եմ նախորդ հրապարակման մեջ՝ նաև հենց սա ի նկատի ունենալով։ Երեկվա կոպիտ տապալումներն ապահովեցին այսօրվա պատահականությունը։

Ինչո՞ւ հասարակության մի զգալի շերտ, անգամ եթե հասկանում է այսօրվա ռիսկերը, այսօրվա իրականության այլընտրանք համարում է նախկին «հանցագործ», մաֆիոզ համակարգերը և դրան, բնականաբար, նախընտրում ռիսկային այսօրը։ Այն դեպքում, երբ նախորդ բոլոր իշխանություններում կային զգալի թվով գրագետ, զուսպ, կարգին մարդիկ։

Հասկանալ այսօր հայ հասարակությանը՝ չափազանց բարդ է։ Չհասկանալով փորձել քաղաքական ծրագրեր մշակել՝ անլուրջ է։ Մնալ դիտորդ՝ անազնիվ է, եթե դու հասկանում ես օրվա ռիսկայնությունը, եթե դու հասկանում ես, որ այսօր մենք ձախողում ենք մեր վաղը։ Իսկապես հիմա ավելի շատ բան հնարավոր է անել անհատական մակարդակով, քան՝ խմբային։ Անհատական մակարդակն այսօր համախոհների, կոնսոլիդացիայի ավելի մեծ ռեսուրս է տալիս, քան՝ թիմայինը, կազմակերպչականը։ Այնուհանդերձ, ճիշտ քաղաքական գործունեության համար մի քանի կետեր ուրվագծվում են.

1. Մնալ մարդ ցանկացած պայմաններում

2. Աշխատել ինքնուրույն մտածողների հետ, աշխատել ինքնուրույն մտածողների թվի ավելացման ուղղությամբ

3. Մարդկանց համբերատար կերպով ցույց տալ երևույթների միջև կապերը։ Օրինակ՝ վատ բանակցությունների և պատերազմի միջև կապը, ՌԴ հետ լարված հարաբերությունների և ազգային անվտանգության, վատ կառավարման և կյանքի վատ որակի, հեղափոխական մթնոլորտի և ներդրումների բացակայության, պատվերով դատավճիռների և արդարադատության փլուզման, և այլն և այլն։ Սովորաբար հանրության լայն շերտերը այս երևույթների միջև կապերն ուղղակի չեն պատկերացնում։

4. Մտածել քաղաքական և հանրային դաշտի խիզախ վերադասավորումների մասին։ Այստեղ իսկապես կաղապարներից հրաժարվելու ժամանակն է։

5. Քաղաքական նպատակներով տուրք չտալ հետադիմական գաղափարներին, չհենվել հասարակության ցածր որակների վրա։

6. Հասկանալ, թե ի՛նչ ընդհանրություններ ունենք։ Տարաձայնությունները մի պահից արդեն սուր չեն լինելու։ Շատ ավելի կարևոր են ընդհանրությունները՝ ինքնուրույն մտածողների տիրույթում։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Տեսանյութեր

Լրահոս