«Այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, բայց երբեք չեմ հրապարակի». Արթուր Վանեցյան
Տպագիր լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պատասխանելով հարցին կա՞ ինչ-որ բան, որ կարող եք հրապարակել, որից Նիկոլ Փաշինյանը կարող է վախենալ, խնդիրներ ունենալ, ասել է. «Ես երբևիցե չեմ հրապարակի մի բան կամ մամուլի լեզվով ասեմ՝ «սլիվ» անենք մամուլ, հետո այդտեղից վերցնենք, սարքենք իրականություն: Միշտ պայքարել եմ սլիվների դեմ, պետական գաղտնիքի պահպանման համար, պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ ինձնից ոչ ոք չսպասի: Եթե ասեմ՝ չգիտեմ ինչ-որ տվյալներ, ուղղակի ինձ անլուրջ մարդու տեղ կդնեք: Ես չեմ ասում միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես ընդհանրապես եմ ասում:
Այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց ես դա երբեք չեմ հրապարակի: Նրանք, որոնք մտահոգված են, որ Արթուր Վանեցյանը մեծ ինֆորմացիայի է տիրապետում, նրան պետք է մեկուսացնել, այդ բոլորին խորհուրդ եմ տալիս, թե պետական գաղտնիքի պահպանման մասին մտածում եք, երկու-երեք ամիս առաջ լրատվամիջոցներից մեկում նախկին մի պաշտոնյա երկու- երեք պետական գաղտնիքի հրապարակում է արել, ինչո՞ւ մինչև այժմ պատասխանատվության չի ենթարկվում: Նրա՝ անմեղսունակ լինելու մասին բժշկական փաստաթղթեր չկան»: