Ոչ մի դեպքում մի պահեք բանկային քարտն ու ծածկագիրը միասին. ձեր իրերը պահեք ձեզ մոտ և մարդաշատ վայրերում եղեք գերուշադիր. ոստիկանություն
Գրպանահատություն։ Հաճախ հանդիպող հանցատեսակ բազմաթիվ երկրներում։ Հայաստանում այն իր դրսևորումներն է ունենում հիմնականում կանգառներում, երթուղային տրանսպորտում, շուկաներում, տոնավաճառներում, առհասարակ` մարդաշատ վայրերում։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի վեցերորդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքը անզիջում պայքար է մղում գրպանահատության դեմ։
Գրանցված ու բացահայտված դեպքերը եղել են հիմնականում հասարակական տրանսպորտում ու կանգառներում։ Բերման ենթարկված մի շարք անձինք անցնում են մի քանի դրվագներով։
Ի դեպ, այս ուղղությամբ 2019-ի տարեվերջին օրենսդրական որոշ փոփոխություններ են եղել։
Հոդված 177, մաս 1-ին կետ 1` Անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես և գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կրած հագուստից, այդ թվում՝ գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Օրենսդրական փոփոխությունն ու ոստիկանության ծառայությունն այս հանցատեսակի դեմ իրենց կարևոր տեղն ունեն, սակայն ոչ պակաս կարևոր է քաղաքացիների զգուշավորությունը։
Հարգելի՛ քաղաքացիներ, հասարակական տրանսպորտում ուշադիր եղեք ձեր իրերի նկատմամբ, դրանք պահեք ձեր տեսադաշտում։
Շատ դեպքեր են եղել, երբ գրպանահատը, հափշտակելով դրամապանակը, բացի փողից գտնում է նաև բանկային քարտ՝ ծածկագրով հանդերձ։ Եթե քաղաքացիները չեն հասցնում արգելափակել իրենց քարտը, հանցագործները կանխիկացնում են քարտի գումարը։
Ոչ մի դեպքում մի պահեք բանկային քարտն ու ծածկագիրը միասին։
Փորձը ցույց է տվել նաև, որ գրպանահատները գործում են և՛ մենակ, և՛ խմբով։ Հիմնականում` խմբի մի մասը երթուղային տրանսպորտում շեղում է ուղևորների ուշադրությունը, իսկ մյուս մասը հափշտակում է իրեր։ Դեպքեր են եղել, երբ շեղել են արհեստական վեճն ու կռիվ ստեղծելով, անգամ ինչ-որ իր են գցել գետնին։
Ինչ էլ լինի` ձեր իրերը պահեք ձեզ մոտ և մարդաշատ վայրերում եղեք գերուշադիր։
Եղե՛ք զգոն և զերծ կմնաք գրպանահատի ոտնձգությունից։