Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2019-ին կրկնակի նվազել են. Ավետիք Չալաբյան

Ազգային վիճակագրական ծառայությունը հունվարի 31-ին հրապարակել էր 2019 թ. մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի՝ նախորդ տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.8%: 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խոսքով՝ հրապարակված վիճակագրական տվյալների մեջ լավ նորություն է այն, որ 7.8 տոկոս տնտեսական աճը բավականին լավ ցուցանիշ է, որն արձանագրվել էր նաև նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի և Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում։

«Սա բարձր տնտեսական ատիվություն է, սակայն խնդիրը նրանում է, որ, երբ փորձում ենք հասկանալ այդ տնտեսական ակտիվության աղբյուրը, ապա տեսնում ենք, որ դրա մի մասը իրական է, մի մասը՝ թղթային. Օրինակ՝ թղթային է ստվերից դուրս բերված շրջանառությունը, որի հետևանքով թղթի վրա արձանագրվել է տնտեսական աճ։ Օրինակ՝ ասվում է, որ անցյալ տարի առևտրի ոլորտում արձանագրվել է 15 տոկոս աճ, սակայն նման թիվն անհնար է այն դեպքում, երբ մենք չենք տեսնում նոր խանութների, նոր աշխատատեղերի թվի ավելացում, հետևաբար՝ 15 տոկոս աճը նշանակում է, որ ընդամենը ստվերային շրջանառության մի մասը սպիտակ դաշտ է բերվել։ Տպավորություն է ստեղծվում, որ մենք ունենք բարձր տնտեսական աճ, սակայն իրական է նշված 7.8 տնտեսական աճի մի մասը՝ 4-5 տոկոսը»,- ասաց Չալաբյանը։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որով նա խորհուրդ էր տալիս բոլորին միասին աշխատել՝ 2020 թվականին 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու և գյուղատնտեսությունը ռեցեսիոն փուլից դուրս բերելու համար, Ավետիք Չալաբյանն ասաց. «Գյուղատնտեսությունն այս պահին ամենախնդրահարույց վիճակում է գտնվում։ Էական է ջրի խնդիրը. տեսեք՝ մեր ցանքատարածություններից (450 հազար հա) մի մասը չի մշակվում, 150 հազար հեկտար կազմում է ցածր հավելյալ արժեք ստեղծող մշակաբույսերի մշակումը, որը տնտեսության համար շատ քիչ եկամուտ է ապահովում, իսկ եկամտաբեր է գյուղատնտեսության այն ոլորտը, որը կապված է ջրի հետ, որի խնդիրը մեծ է։ Սրան ավելանում են նաև գլոբալ տաքացման խնդիրն ու ջրի հասանելիությանը խոչընդոտող հէկ-երի աշխատանքը, և ստացվում է այն վիճակը, որն ունենք»,- ասաց Չալաբյանը՝ գյուղատնտեսության զարգացման խոչընդոտ դիտարկելով նաև Գյուղատնտեսության նախարարության վերացումը։

Չալաբյանի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Պիտի բոլորով աշխատենք» կոչին նախևառաջ պետք է հետևի կառավարությունը, և, քանի դեռ գործադիրը չի իրականացրել ջրային բարեփոխում, գյուղատնտեսությունը չի կարող դուրս գալ այդ ռեցեսիոն փուլից։

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադրի համար, թեև 2019 թվականին կար լավ նախադրյալ, և մեքենաների ներկրման արդյունքում բյուջե մուտք եղավ ավելի քան 54 միլիարդ դրամ, սակայն այդ լավ նախադրյալը 2020 թվականից այլևս չի լինի, ուստի երկարաժամկետ տնտեսական աճ ունենալու համար կառավարությունը պետք է կարողանա գրավիչ պայմաններ ստեղծել ներդրողների համար։

«Ես 2019 թվականին չեմ տեսել որևէ մեծ ներդրումային ծրագիր, չեմ տեսել որևէ խոշոր ներդրողի, որը գա և գեթ մեկ ներդրում անի։ Սովորաբար խոշոր ներդրողները գալիս և Հայաստանի կառավարության առաջ պահանջներ են դնում, իսկ մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի դեպքեր, որոնք մեծացրել են ներդրումային ռիսկը. Մասնավորապես՝ Ամուլսարը։ Հիմա՝ կա՛մ Կառավարությունը պետք է ասի, որ Ամուլսարը սար է, և փոխհատուցի ներդրողին, կամ պետք է ասի, որ հանքի շահագործման տնտեսական օգուտներն ավելի մեծ են, քան բնապահպանական վնասները, և պետք է հանքն աշխատի։ Հիմա ուրիշ երկրները նայում են և ասում՝ ինչպես գնանք Հայաստան ներդրում անենք, եթե նրանց վերաբերմունքն այսքան անլուրջ է։ Այս խնդիրներն են, որ բերել են նրան, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները կրկնակի նվազել են՝ 130 միլիոնից դառնալով 60-70 միլիոն դոլար, իսկ դա չնչին թիվ է. մեզ միլիարդներով են ներդրումներ պետք, ոչ թե միլիոններով»,- ասաց Չալաբյանը։

Խոսելով կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության մասին՝ Ավետքի Չալաբյանը նշեց, որ, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, «Բենզին» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ «Ֆլեշ» և «Սիփիէս օյլ» ընկերությունների կշիռը շուկայում ավելի է մեծացել, հետևաբար՝ մենաշնորհների դեմ պայքարի հարցում կա հետընթաց։

«Եթե նոր իշխանություն է գալիս, ենթադրելի է, որ պետք է կիրառվեին նոր գործիքներ, որ շուկա մտնեն նոր խաղացողներ, բայց պատկերն այլ է։ Կամ կառավարությունը չի ցանկանում մենաշնորհներով զբաղվել, կամ չգիտի՝ ինչպես զբաղվել։ Երկու դեպքում էլ հարց է առաջանում՝ բա իշխանափոխությունն ինչի՞ համար էր, եթե ասում էին, որ նախկին իշխանությունները հովանավորում էին մենաշնորհները, դրանից շահույթ ունեն, իսկ հիմա ի՞նչ է փոխվել։ Եթե մենաշնորհներից ձևավորվող շահույթը շարունակում է բարձրանալ քաղաքական բուրգով վերև, դա լինելու է ժողովրդի համար խայտառակ հիասթափության առիթ»,- ասաց Չալաբյանը։

Հարցազրույցի մասնամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս