Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 5201 թեկնածու

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի մի քանի մարզերում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չորս գյուղական համայնքներում ընտրությունները չեն կայանալու: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Մեկ համայնքում կար երկու թեկնածու, նրանցից մեկը մահացել է, և օրենսդրության համաձայն, նշանակվելու է նոր ընտրություններ, իսկ երեք համայնքներում ընդհանրապես չի եղել առաջադրված թեկնածու: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 5201 թեկնածու, որոնք պայքարելու են թե՛ ավագանու, թե՛ համայնքապետի, թե քաղաքապետի պաշտոնների համար»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ամենամեծ ընտրական համայնքը, որտեղ սեպտեմբերի 9-ին տեղի են ունենալու ընտրություններ, Գյումրի քաղաքն է, որտեղ էլ, բացի քաղաքապետի պաշտոնի պայքարից, ընթանալու է նաև Գյումրիի ավագանու անդամների ընտրություններ, որին մասնակցում են 77 թեկնածուներ:
«17 գյուղական համայնքներում թեկնածուները մեկական են, այսինքն` մինչ ընտրությունները այլ թեկնածուները հայտնել են ինքնաբացարկներ: Կան ևս 4 քաղաքային համայնքներ, որտեղ քաղաքապետ դառնալու համար թեկնածուները մրցակիցներ չունեն, դրանք են Թումանյանը, Ագարակի, Կապանը և Քաջարան»,-ասաց Տ. Մուկուչյանը:

 

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց նաև, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և մեծամասնական ընտրակարգով մասնակցած թեկնածուների հիմնադրամներին փոխանցված գումարներից ընտրություններից հետո մնացած գումարները, երեք ամիսը լրանալուն պես, փոխանցվել են ՀՀ պետական բյուջե: Գումարն, ընդհանուր առմամբ կազմում է 10 մլն դրամից ավել: Տիգրան Մուկուչյանը նաև նշեց, որ մնացած գումարների մի մասով կուսակցությունները կատարել են բարեգործություններ, իսկ մի մասը, որով բարեգործություն չեն կատարել փոխանցվել է բյուջե:
 

Տեսանյութեր

Լրահոս