«Ժառանգությունը» ԱԷԿ աշխատակիցների խնդիրները կներկայացնի պատկան մարմիններին
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը և փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը հանդիպել են «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի մի խումբ աշխատողների հետ վերջիններիս խնդրանքով:
Հանդիպման ժամանակ ատոմակայանի աշխատակիցները, ովքեր աշխատել և այժմ էլ աշխատում են առողջության համար առանձնապես ծանր և վնասակար պայմաններում, իրենց մտահոգությունն են հայտնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 1996թ. հունվարի 1-ին, ուժը կորցրել է 2003թ. ապրիլի 10-ին) կիրառման առնչությամբ:
Ըստ նշված օրենքի 30-րդ հոդվածի` այն քաղաքացիները, ովքեր աշխատել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում, կենսաթոշակի անցնելիս նրանց աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկվում էր 1.5 անգամ:
Իսկ 2003թ. ապրիլի 10-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը 1.5 անգամ հաշվարկելու մասին դրույթ սահմանված չի եղել: Ինչի պատճառով 2003թ. ապրիլի 10-ից հետո կենսաթոշակի անցած աշխատակիցների մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվել է որպես մեկ տարվա ստաժ:
Հանդիպման վերջում խմբակցության ղեկավարը, ներկաներին տեղեկացրեց, որ հիշյալ հարցի առնչությամբ խմբակցությունն արդեն գրավոր դիմել է պատկան մարմիններին, միաժամանակ հավաստիացրել, որ իրենք հետամուտ են լինելու հարցի արդարացի և օբյեկտիվ լուծմանը: