Վանաձորում ազատամարտիկների պուրակ կստեղծվի
Վանաձորի Խանդակ թաղամասում կստեղծվի Ազատամարտիկների պուրակ, ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնին:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Վանաձորի ամենախիտ բնակեցված Խանդակ թաղամասից, որն ունի մոտ 6000 բնակիչ, արցախյան հերոսամարտի ժամանակ զոհվել են 7 ազատամարտիկներ:
Նրանց հիշատակին ստեղծվող այս պուրակը թաղամասի բնակչության համար կդառնա ուխտատեղի, իսկ նրանց հարազատների համար կլինի մխիթարանքի և աղոթքի մի յուրօրինակ վայր:
Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբեր ամսին կմաքրվի տարածքը, կդրվի պուրակի հիմքը, կկառուցվի տաղավար, կտեղադրվի ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար։ Հետագայում պուրակում կկառուցվեն խաղահրապարակներ, կտեղադրվեն մանկական կարուսելներ։
Պուրակի կառուցմանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորները, թաղամասի բնակիչները:
Տեղեկացնենք, որ Վանաձորում Ազատամարտիկների պուրակի կառուցման ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։