«Վարդաշեն» ք/հ աշխատակիցը մեղադրվում է խարդախության մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ն. Պետրոսյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը 2012 թվականի փետրվարի վերջին իր քրոջորդի Ա. Մանուկյանից իմանալով, որ վերջինիս ընկերը` 26-ամյա Գ. Հայրապետյանը, դեռևս անձնագրավորված և զինվորական հաշվառման վերցված չէ, ինչպես նաև այն, որ Գ. Հայրապետյանը և նրա մայրը` Խ. Հայրապետյանը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար օրենքով սահմանված գումարը պատրաստ են վճարել, մտադրվել է խարդախությամբ տիրանալ նրանց դրամական միջոցներին:
Մասնավորապես` Ն. Պետրոսյանը 2012թ. փետրվարի վերջին մայր և որդի Հայրապետյանների հետ նախնական համաձայնության է եկել` 4500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց Գ. Հայրապետյանի անձնագրավորման ու զինծառայությունից ազատելու հարցերը լուծելու շուրջ և պահանջել է հնարավորինս արագ վճարել պայմանավորված գումարը:
Գ. և Խ. Հայրապետյանները, վաճառելով Մասիս քաղաքում գտնվող իրենց հողատարածքը, մարտի 12-ին, ապա նաև նույն ամսվա 27-ին իրենց բնակարանում Ն. Պետրոսյանին մաս-մաս տվել են ընդհանուր 4250 ԱՄՆ դոլար գումար: Խարդախությամբ հափշտակված 1.655.520 ՀՀ դրամին համարժեք 4250 ԱՄՆ դոլարը Ն. Պետրոսյանն օգտագործել է իր անձնական կարիքների համար:
Բացի այդ, 2012թ. ապրիլի կեսերին նույն անձանց խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ Ն. Պետրոսյանը կրկին գնացել է մայր և որդի Հայրապետյանների բնակարան և Խ. Հայրապետյանից պահանջել 2500 ԱՄՆ դոլար գումար` Գ. Հայրապետյանի փաստաթղթավորման գործով զբաղվողներին նվիրատվություն տալու պատճառաբանությամբ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34- 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: