Սիրիայությունը չափազանցված ակնկալիքներ ուներ Հայաստանից
Բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնը «Սիրիահայության դժվարին դրությունը բացահայտում է Սփյուռքի իրականությունը» խորագրով հրապարակմամբ անդրադարձել է Սիրիայում ծավալվող իրադարձությունների համատեքստում սիրիահայ համայնքի հետագա ճակատագրին ու հնարավոր զարգացումներին:
Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ը, հոդվածն արձանագրում է, որ ամենամեծ քրիստոնեական համայնքը ձևավորած սիրիահայությունը ներկայումս հայտնվել է բավականին խոցելի վիճակում, քանի որ հայերն այստեղ համարվում և ընկալվում են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցներ ու աջակիցներ:
«Տևական ժամանակ բարեկեցիկ կյանքով ապրած հայերը, ովքեր վայելել են իշխանության բարեհաճությունը, այժմ խոցելի են սիրիական ընդդիմադիրների առջև: Մինչդեռ հայերի տնտեսական մեծ ներուժն ու առևտրային կապերը օգտակար կարող են լինել ցանկացած կառավարության համար», – նշված է հրապարակման մեջ: Հոդվածում սիրիահայության խնդիրները դիտարկվում են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համատեքստում: Արձանագրվում է, մասնավորապես, որ սիրիական ճգնաժամը բացահայտ դարձրեց Հայաստանի Հանրապետությունից սփյուռքահայության սպասելիքների չափազանցվածությունը:
Սփյուռքահայությունը, ըստ վերլուծական կենտրոնի, խիստ քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին սիրիահայերի խնդիրներին հավուր պատշաճի չարձագանքելու համար: «Սակայն այս ճգնաժամը դիմագրավելու համար պաշտոնական Երևանը շատ սահմանափակ հնարավորություններ ունի»,- նշում է «Օքսֆորդ անալիկա»-ն` արձանագրելով, որ Հայաստանն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են սիրիահայության անվտանգության խնդիրների լուծմանը:
«Բացի Հայաստան մեկնել ցանկացող սիրիահայերի մուտքի եւ կացության խնդիրները հոգալուց, Հայաստանը նաև դիվանագիտական խողովակներով փորձում է սիրիահայության անվտանգության խնդիրներն արծարծել ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ ընդդիմադիրների հետ իր շփումներում: Այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կատարած որոշ քայլեր երբեմն անտեսանելի են մնում»,- ասված է հրապարակման մեջ:
«Օքսֆորդ անալիտիկա»-ն նաև նկատում է, որ կապված ներհայաստանյան խնդիրների հետ` աշխատատեղերի բացակայություն, կոռուպցիա և այլն, Հայաստան եկող սիրիահայերը այս երկիրը հաճախ դիտարկում են իբրև ժամանակավոր բնակատեղի, որտեղից հետագայում շատերը փորձ կանեն տեղափոխվել հյուսիսամերիկյան կամ եվրոպական երկրներ:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում անդրադառնալով հրապարակման այն հատվածին, որը վերաբերում է Սփյուռքի կողմից Հայաստանի իշխանություններին հասցեագրված քննադատությանը, ասել է, որ այդ քննադատությունը «Օքսֆորդ անալիտիկա»-ն մեծապես պայմանավորում է հայ-թուրքական մերձեցման` արդեն կասեցված գործընթացի առնչությամբ Սփյուռքում առաջացած երբեմնի մտահոգություններով:
«Հաշվի առնելով ներկա իրողությունները` կարելի է կանխատեսել, որ հյուսիսային Սիրիան, որտեղ կենտրոնացած է հայերի մեծամասնությունը, կարող է վերածվել բուֆերային գոտու, իսկ այնուհետև հայտվել Թուրքիայի անմիջական ազդեցության տակ: Այդ տարածքում կարող են տեղակայվել նաեւ թուրքական բանակային ստորաբաժանումներ, և դա լուրջ սպառնալիք կարող է լինել սիրիահայության համար»,- ասել է վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է սիրիական ընդդիմադիրների` իբրև այդ երկրի իշխանության հավակնորդների կողմից սիրիահայությանը սպառնացող ապագա վտանգներին, ապա Կիրակոսյանը նշել է. «Եթե սիրիական ընդդիմության ղեկավարությունը գործի առավել ճշգրիտ ռազմավարությամբ, ապա պետք է գիտակցի, որ նոր իշխանությունը ևս պետք է ունենա հայկական համայնքի ու նրա տնտեսական կարողությունների կարիքը` իշխանության հասելու պարագայում այն պահելու համար»: