«Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի ընդունումը անհրաժեշտություն է. իրավապաշտպաններ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Անհայտ կորածների միջազգային օրն է, որը Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից: Այս կապակցությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի անհապաղ ընդունման պահանջով:

«Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով դեռեւս 2010 թ-ի մարտին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից նախաձեռնվեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որում ներգրավված էին մի շարք պետական կառույցների՝  ՀՀ Ազգային ժողովի, Նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:

Օրենքի մշակման աշխատանքներն ավարտվել են 2011 թ-ի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջնականապես Ազգային ժողովում քննարկման դնելու նպատակով: Այնուամենայնիվ, օրենքի վերջնական ներկայացման վերաբերյալ որեւէ առաջընթաց չկա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ողջունելով «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, միաժամանակ մտահոգություն է հայտնում, որ օրենքի բացակայության պայմաններում չլուծված են մնում անհայտ կորածների բազմաթիվ իրավական, սոցիալական, առողջապահական եւ այլ խնդիրներ:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորված չլինելը, քաղաքացիների եւ զինծառայողների անհայտ կորչելու եւ գերեվարման փաստերը, նրանց ընտանիքների իրավական, սոցիալական, հոգեբանական, առողջապահական եւ այլ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ գտնում ենք, որ առավել քան հրատապ է «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի անհապաղ ընդունումը», գրված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս