Բաժիններ՝

Օդի աղտոտվածության պատճառը մեքենանե՞րն են

Այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանրային քննարկում` «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»  ՍՊ ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա տրամադրելու ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:

«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»  ՍՊ ընկերությունն այլ երկրներից ներկրվող թափոնների վերամշակման արդյունքում ստանալու է մոլիբդենի օքսիդ, որը որպես արտադրանք՝ վաճառելու է:

Այդ մասին տեղեկացրեց «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»  ՍՊ ընկերության քիմիական լաբորատորիայի վարիչ Արամ Մամյանը:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության, «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ի աշխատակիցները, բնապահպանական և էկոլոգիական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ հայաստանյան հանքերի թափոնների վերամշակմամբ չի զբաղվում «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն»  ՍՊ ընկերությունը, ընկերության քիմիական լաբորատորիայի վարիչ Արամ Մամյանը պատասխանեց. «Ցավոք, Հայաստանի թափոնները չեն պարունակում բարձր քանակությամբ ծանր մետաղներ, մոլիբդեն, և մեր ցիկլով Երևանի պայմաններում դա վերամշակել հնարավոր չէ»:

Հարցին էլ, թե ո՞ր երկրներից են ներկրելու թափոնները, Արամ Մամյանը պատասխանեց. «Կոնկրետ երկիր չենք կարող նշել: Որ երկրից որ առաջարկ եղավ, կքննարկենք ու կորոշենք»:

«Էկոլոգիական ակադեմիա» հ/կ նախագահ Գրետա Գաբրիելյանի դիտարկմանը, թե` «այն, որ թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման մասին  օրենքում փոփոխություն մտցվեց հենց  Ձեր գործունեությունից 2-3 ամիս առաջ, դա արդեն շատ վտանգավոր է», Արամ Մամյանը պատասխանեց. «Եթե մենք չզբաղվենք վերամշակմամբ, ևս 50-100 մարդ կզրկվի իր աշխատանքից: Այսօր օդի աղտոտվածության մեղքը գցել գործարանների վրա`սխալ է. օդի աղտոտվածության  պատճառը հիմնականում մեքենաներն են: Իսկ մեր պարագայում վերահսկելի է օդի աղտոտվածությունը: Ինքներս հանդիսանում ենք ISO էկոլոգիայի անդամ, մեր տարածքը ամբողջովին կանաչապատ է և շատ է տարբերվում այլ մետալուրգիական արտադրամասերից»:

Ի դեպ, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը քննարկման վերջում հայտարարեց, որ սեպտեմբերի 3-ին այսօրվա քննարկման արձանագրությունը կից նամակով ուղարկվելու է կառավարություն` հաստատելու:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս