ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ Հայաստանը եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ սահմանում բարեփոխումների լայն շրջանակ: Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական եւ քաղաքական համագործակցությունը, սակայն, պաշտոնական դիրքորոշման համաձայն, չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: Ռասմուսենը 2012թ. մարտի 6-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում Հայաստանի զինուժի մասնակցության համար:
Հատկանշական է, որ Ռասմուսենի այցը համընկնում է նույն ժամանակամիջոցում Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությունների հետ, որոնք պետք է տեղի ունենային սեպտեմբերի 3-8-ը, սակայն տեխնիկական պատճառներով հետաձգվել են և կանցկացվեն սեպտեմբերի 15-19-ին: