Այս ուստարում ճանապարհային ոստիկանները աշակերտների անվտանգությունը կհսկեն ավելի երկար

Նոր ուսումնական տարվա սկզբին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է աշակերտների անվտանգությունն ապահովել հանրապետության բոլոր դպրոցների շրջակայքում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։
Վերջինս նշեց, որ այս տարի «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումները կիրականացվեն ոչ թե տասնօրյակի ընթացքում, ինչպես նախորդ տարիներին էր, այլ մեկ ամիս:
«Այս տարի նույնպես Ոստիկանությունը կապահովի դպրոցականների անվտանգությունը նրանց դպրոցից տուն և տնից դպրոց ճանապարհելով»,– ասաց նա:
«Նախապատրաստական աշխատանքներն ավելի շուտ ենք սկսել՝ օգոստոսի 15-ից սկսած ուսումնասիրվել է բոլոր դպրոցների տեղանքը, գծանշումների պակասը լրացվել է: Միայն մայրաքաղաքում 40 դպրոցների մոտ համապատասխան նշաններ են ավելացվել, գծանշումները թարմացվել են»,- ասաց նա և բացատրեց, թե ինչու են տասնօրյա միջոցառումները երկարաձգվել մեկ ամսով:
Նորիկ Սարգսյանը նշեց, որ նախորդ տարի ուսումնական տարվա առաջին տասնօրյակին արձանագրվել է ճանապարհային 6 պատահար՝ 6 տուժածով, որոնց շարքում կային նաև երեխաներ։
«Տասնօրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների քանակը միանգամից կրկնապատկվել է, գրանցվել է 25 պատահար՝ 1 զոհով»,- ավելացրեց նա։
Նորի Սարգսյանը նաև նշեց, որ դրանից ելնելով ոստիկանապետի հանձնարարականով երկարաձգվել է դպրոցների մոտակայքում Ոստիկանության աշխատանքը, քանի որ հասկացել են, որ ամառային աշխույժ կյանքից բնականոն ռիթմին անցնելու այդ ժամկետը չի բավարարում:
ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը նշեց, որ Երևանի բոլոր դպրոցների տնօրենների հետ հանդիպումներ են ունեցել, նրանց առաջարկություններն ընդգրկվել են կազմակերպվելիք միջոցառումների ցանկում:
Նորիկ Սարգսյանը հետիոտներին կրկին անգամ կոչ է անում քայլել միայն մայթերով, հետևել լուսացույցներին, իսկ ուսուցիչներին հորդորում է երեխաների մեջ զարգացնել երթևեկության կանոնները պահպանելու մշակույթը։
Վարորդներին նա զգուշացնում է այս օրերին լինել առավել զգոն, հատկապես դպրոցների կողքով անցնելիս:
Նորի Սարգսյանն հատուկ կոչ ուներ այն ծնողներին, ովքեր իրենց երեխաներին մեքենայով են դպրոց ճանապարհելու:

 

«Մեքենայով երեխաներին դպրոց տանող ծնողներից պահանջում ենք երեխային իջացնելուց հետո ազատեն բանուկ մասը».-ասաց նա և զգուշացրեց, որ որևէ կարգազանց վարորդ անպատիժ չի մնա:

Տեսանյութեր

Լրահոս