Պաշտպանը հակասահմանադրական է համարում վարչական իրավախախտման համար ձերբակալման ներկայիս հոդվածի դրույթները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պաշտպանը հակասահմանադրական է համարում վարչական իրավախախտման համար ձերբակալման ներկայիս հոդվածի դրույթները:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Այսօր Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր։ Այսպես է ամրագրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածում, որն, ըստ Պաշտպանի, հակասում է Սահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալմանպահից 72 ժամվաընթացքումդատարանիորոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:
Բացի այդ, ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածում նշվում է, որ «վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան», ինչից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ օրենսգրքի նշված հոդվածի հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր բնույթ, որը և հակասում է Սահմանադրությանը։ Նշված օրենքը չի ապահովում նաև ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
Ուսումնասիրելով մի շարք պետությունների սահմանադրությունները և ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի թիվ 43/173 բանաձևը, պաշտպանելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը օգոստոսի 24-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով»: