Քլինթոնն ու Լավրովը չե՞ն մասնակցի ՄԱԿ-ի ԱԽ Սիրիայի հարցով նիստին

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չեն մեկնի Նյու Յորք` վաղն անցկացվելիք Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար, գրում է «Կոմերսանտ» թերթը:
ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին ծրագրում է հանդիպում անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների արտգորնախարարների հետ: Նիստը նախագահելու է Ֆրանսիան:
«Նիստին Հիլարի Քլինթոնը չի մասնակցի, ավելին` չի լինի նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը դեռ չի որոշել, սակայն հավանաբար, նա նույնպես չի մասնակցի նիստին»,- գրում է թերթը` վկայակոչելով աղբյուրին:

 

Լավրովը, ըստ թերթի տեղեկությունների, դեռ երեկվա դրությամբ` պատրաստվում էր մեկնել Նյու Յորք, սակայն հետագայում որոշվել է, որ Մոսկվան կներկայացնի ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

 

Չմեկնելու պատճառներից մեկն այն մտավախությունն է, որ կայանալիք նիստում նույնպես չի հաջողվի Սիրիայի խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գալ:

Արևմտյան երկրները պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնանկությունը` չբացառելով նաև ռազմական գործողությունները երկրում, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են դրան:

Տեսանյութեր

Լրահոս