Բաժիններ՝

«Սթար» առևտրային ցանցի նոր գործադիր տնօրենն օտարերկրացի է

«Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրեն է նշանակվել Տեոդորա Տիչերիչը, ով կանցնի աշխատանքի ս.թ սեպտեմբերի 3-ից: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից: Նշվում է, որ Տեոդորա Տիչերիչն ազգությամբ սերբ է և ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ եվրոպական մանրածախ առևտրի ոլորտում:
«Նոր շուկայում աշխատելը և մանրածախ առևտրի հայեցակարգի համապատասխանեցումը տեղական սպառողների սպասումներին, միևնույն ժամանակ եվրոպական մոտեցումների և առաջատար փորձի ներդրումը` միշտ էլ մարտահրավեր է: Այս տարիների ընթացքում ես աշխատել եմ Սերբիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, և հիմնականում, սննդի ոլորտում. արտադրություն, բաշխում, մանրածախ առևտուր: Այս փորձը հնարավորություն է տալիս հասկանալ շուկայական և մշակութային տարբերությունները. սա շատ կարևոր է, որպեսզի ճիշտ ղեկավարես բիզնեսը և շահույթ բերես: Անհրաժեշտ է հասկանալ սպառողների պահանջմունքները, որպեսզի կարողանաս բավարարես այն: Անհամբեր սպասում եմ այս հնարավորությանն ուսումնասիրելու հայկական շուկան: Ինձ համար պատիվ է ստանձնել «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը»,- հայտարարել էր Տեոդորա Տիչերիչը:
«Վստահ եմ, որ տիկին Տիչերիչը ընկերություն կբերի նոր ոգի, իսկ նրա պրոֆեսիոնալիզմը և մանրածախ առևտրի ոլորտում նրա աշխատանքային փորձը կներդրվեն ընկերության զարգացմանը»,- նշել է տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Աֆանդյանը:

 

Նշենք, որ մինչ այս նշված պաշտոնը զբաղեցնում էր Վահան Քերոբյանը, ով աշխատում էր այս առևտրային ցանցում ընկերության հիմնադրման օրից` 2004թ.-ից: Ընկերությունից հեռանալու պատճառները մեկնաբանելով՝ Վահան Քերոբյանն ասել էր, որ պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը և հույս հայտնել, որ այս որոշումը կբերի անհրաժեշտ թարմություն թե՛ իր, թե՛ ընկերության կյանքում:

Ընկերության  տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Աֆանդյանն իր հերթին շնորհակալություն էր հայտնել Վահան Քերոբյանին՝ ասելով. «Շնորհակալ եմ Վահան Քերոբյանին ընկերության կայացման հարցում իր մեծ ներդրման համար: Ես շատ բարձր եմ գնահատում այն ամենն, ինչ նա արել է ոչ միայն«Սթար» առևտրային ցանցի, այլ առհասարակ մանրածախ առևտրի ոլորտի զարգացման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս