Ամբաստանյալը հերքել է իր մասնակցությունը Զաքյան փողոցում աղմկահարույց սպանությանը

Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօրվա նիստում ներկայացվել է գործով ամբաստանյալ Վահրամ Մարգարյանի հորաքրոջ՝ Լիա Մարգարյանի, բնակարանում խուզարկության արձանագրության՝ վերջինիս տրված բնօրինակը: Այն գործում առկա խուզարկության արձանագրության հետ ունի էական տարբերություններ: Մասնավորապես, քաղաքացուն տրված բնօրինակում նշված չէ, որ խուզարկությամբ բնակարանում հայտնաբերված իրերը՝ նռնակը, պայթուցիչը, հեռախոսը և այլն, փաթեթավորվել ու կնիքվել են, ինչպես նշված է գործում առկա արձանագրության մեջ:

«Փաստինֆո» լրատվական ծառայության փոխանցմամբ` գործով մեղադրող Արմեն Աֆանդյանը նշել է, որ այդ փաստի կապակցությամբ ոստիկանությանը հանձնարարվել է կատարել ծառայողական քննություն և արդյունքների մասին տեղեկացնել դատարանին:

Դատարանում զննվել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը, որը մեղադրողի արձանագրմամբ, պատշաճ փաթեթավորված ու կնիքված էր, իսկ նռնակի ու պայթուցիչի զննությունը որոշվեց իրականացնել դատաձգաբանական փորձաքննություն իրականացրած փորձագետ Վարդան Ռոստոմյանի մասնակցությամբ: Փորձագետը կհրավիրվի դատարան և պարզաբանումներ կտա նաև, թե արդյոք պայթուցիչը տեղավորվում է նռնակի մեջ և հնարավո՞ր էր, արդյոք, այն օգտագործել:

Նիստում ցուցմունքներով հանդես է եկել ամբաստանյալ Վահրամ Մարգարյանը, ով հերքեց 2011թ. օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանի սպանության գործի շրջանակում իրեն ներկայացված մեղադրանքը: Նա հայտարարեց, «Գործով չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինաբար ձեռք չեմ բերել և իմ բնակության վայր չհանդիսացող Երևանի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում չեմ պահել ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի նռնակ և «Ջ-1» տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, Բորիս Հակոբյանի օժանդակությամբ և վերջինիս կողմից տրամադրված հրազենի և ռազմամթերքի գործադրմամբ 2011թ. օգոստոսի 2-ին ժամը 21:00-ի սահմաններում Երևանի Զաքյան փողոցում ապօրինաբար դիտավորությամբ Խաչիկ Գալոյանին չեմ զրկել կյանքից»:

Նա ընդգծել է, որ առհասարակ որևէ կապ չունի սպանության հետ և դրա մասին իմացել է գործով մյուս ամբաստանյալ Բորիս Հակոբյանից, այն էլ այն բանից հետո, երբ նա մեղայականով ներկայացել էր ոստիկանություն:

Վահրամ Մարգարյանը հավելել է նաև, որ ինքը որևէ առնչություն չունի իր հորաքույր Լիա Մարգարյանի բնակարանից հայտնաբերված իրերի՝ նռնակի, պայթուցիչի և այլնի հետ: Ավելին, դրանք բերել են բնակարանում խուզարկություն իրականացրած ոստիկանները, քանի որ դրանց հայտնաբերման պահը տանտիրուհին ու ընթերական չեն տեսել, դրանք չեն փաթեթավորվել ու չեն կնիքվել:

Մեղադրող Արմեն Աֆանդյանը դատարանից խնդրել է 5 աշխատանքային օր ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը նախապատրաստվի ամբաստանյալի հարցաքննությանը, նա նաև տեղեկացրեց, որ ևս 15 օրով գտնվելու է արձակուրդում:

Պաշտպանական կողմը՝ ի դեմս գործով երկու ամբաստանյալներ Վահրամ Մարգարյանի ու Բորիս Հակոբյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի, առարկել է միջնորդության դեմ, հայտարարելով, որ Վահրամ Մարգարյանը որևէ նորություն չի ասել, որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել: Եվս 15-օրյա հետաձգումը անհարկի է, ուստի առաջարկել է, որպեսզի դատախազությունը նրան փոխարինի մեկ այլ մեղադրողով: Դատարանը՝ հաշվի առնելով պաշտպանական կողմի կարծիքը, գործով դատական հաջորդ նիստը նշանակել է սեպտեմբերի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս