Եվս երկու տուժող ճանաչել է մի շարք կողոպուտների հեղինակին
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն և հայտնել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը հուլիսի 14-ին նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:
Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին՝ պատճառել էր վնասվածք և դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել և բերման էին ենթարկել բաժին:
Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1951 թ ծնված Վիկտորիա Հ.-ն և հայտնել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդաշարի թողարկումը` ճանաչել է Ստեփան Բ.-ին, որը հուլիսին իրենց շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը ոստիկանություն է դիմել նաև 1982 թ. ծնված Արմինե Ռ.-ն. նա նույնպես հեռուստահաղորդումից ճանաչել է Ստեփան Բ.-ին, որը հուլիսի 25-ին Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
Ստեփան Բ.-ն ձերբակալված է:
Հարուցված քրեական գործի նախաքննոթյունը շարունակվում է: