Ախալքալաքում բողոքի երթ է տեղի ունեցել՝ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ

Ախալքալաքում «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի շտաբ-գրասենյակի տիրոջ` Գեորգ Մխչյանի գործով դատական նիստից հետո ընդդիմադիր ակտիվիստները քաղաքում բանտային հագուստներով երթ են կազմակերպել:
Ինչպես տեղեկացնում է վրացական apsny.ge լրատվական կայքը, հայերեն և վրացերեն լեզուներով պաստառներով, որոնց վրա գրված է եղել` «դադարեցրեք բռնությունը», «Ազատ արձակեք Մելիք Ռայիսյանին», «Դադարեցրեք ազգային թշնամություն սերմանել Ջավախեթիում» և այլն, ակտիվիստները քայլերթ են կազմակերպել Ախալքալակի շրջանային դատարանից մինչև վարչական շենք:

«Մենք բանտային հանդերձանքով ենք և իսկապես մենք Վրաստանում այժմ բանտարկյալներ ենք, ոմանց փոքր պատժախցեր են հատկացված, ոմանց` մեծ: Մենք բոլորս մի մեծ բանտախցում ենք, որը կոչվում է Վրաստան»,- հայտարարել է «Վրացական երազանք»-ի ախալքալաքյան շտաբի պետ Զուրաբ Ժվանիան:

Դատական նիստի ընթացքում մեղքն ընդունել է Արտաշես Չախմախչյանը: Համաձայն առաջադրված մեղադրանքի` 1996 թ.հոկտեմբերի 25-ին Չախմախչյանը, Կարլոս Ռայիսյանի խնդրանքով Ախալքալաքում շենք է ձեռք բերել:

2005 թ. օգոստոսի 25-ին Մելիք Կարլոս Ռայիսյանի որդու` Մելիք Ռայիսյանի պահանջով շենքը փոխանցել է Գեորգ Մխչյանին: Այժմ վերջիններս մեղադրվում են գույքի ապօրինի յուրացման մեջ:

Մելիք Ռայիսյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 5-ին:

Տեսանյութեր

Լրահոս