Երբ տարածաշրջանում իշխի մեկ տերություն՝ ԼՂՀ-ն կհանձնենք Ադրբեջանին

«Մեզ ասում են, որ ինչ-որ Եվրասիական միություն են ուզում ստեղծել: Սա Հայաստանի համար մեծ մարտահրավեր է»,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործացության» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է նախ հասկանա, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական համագործակցությունը: «Երբ ես Ռուսաստանի լիդերներին հարցնում եմ՝ Եվրասիական միությունն ի՞նչ է, ի՞նչ կտա դա Հայաստանին, նրանք էլ չգիտեն՝ ինչ է դա: Բայց մեզ մոտ ինչ-որ ֆանտաստիկ աղմուկ է առաջացրել: Ոչ ադեկվատ արձագանքում են նրան՝ ինչ չկա »,- նշեց Ս. Գրիգորյանը:

Քաղաքագետը վստահեցնում է, որ Հայաստանի համար հաջորդ կարևոր մարտահրավերը ԱՄՆ նախագահական ընտրություններն են: Նրա խոսքով, Հայաստանի համար շահեկան կլինի ԱՄՆ-ում ոչ թե դեմոկրատական, այլ հանրապեական վարչակարգի ամրապնդումը: «Հանրապետական ադմինիստրացիան միշտ զբաղվում է աշխարհի հարցերով: Եվ Հայաստանին ձեռնտու է, որ մեր տարածաշրջանում լինեն շատ սուբյեկտներ: Ծանր կլինի, եթե այս տարածաշրջանում իշխի մեկ ուժ, մեկ երկիր: Դեմոկրատները փակվում են իրենց հարցերով ու օգուտ Հայաստանին չեն բերում: Այս պատճառով է, որ Օբամայի օրոք ԱՄՆ-ի ազդեցությունը Հայաստանում թուլացել է»,- հավելեց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ եթե տարծաշրջանում իշխի մեկ տերություն, ապա ԼՂՀ հարցը կլուծվի հօգուտ Ադրբեջանի. «Այն պահից, երբ Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերն այս տարածաշրջանում, մեխանիկորեն, մի քանի շաբաթում Ղարաբաղը կհանձնվի Ադրբեջանին: Մենք չենք հասցնի աչք թարթել: Ադրբեջանն ունի շատ խաղաքարտեր ու պարզ է, որ խաղի կանոնները հարցը կլուծեն այդ ուղղությամբ: Հենց ԱՄՆ-ն իշխեց՝ ԼՂՀ-ն Ադրբեջանին մի երկու ժամում կհանձնենք՝ չհասցնելով անգամ արձագանքնել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս