«Ես վստահեցնում եմ, որ այս իշխանությունների հեռանալը նույնպես սուլոցներով է լինելու». Արծրուն Պեպանյան
«Փաշինյանը զգում է, որ չի կարողանում, ու զգում է, որ դա իր մեղքը չէ, բայց ինչ-որ բաներ պետք է անի, իրենից սպասում են, և միակ ձևը տեսնում է՝ այ, որ հիմա սրան բռնեմ, մի 10 հազար հոգի գուցե լավ զգա, ուրիշ տարբերակ չկա, որ ինքը դրական էմոցիաներ տա ժողովրդին: Փաշինյանը հիմա պատանդ է»,- «168TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:
Ըստ նրա՝ այս պահին Հայաստանում կա ճգնաժամ, բայց այն ոչ թե ՍԴ-ում է, այլ՝ ԱԺ-ում. «Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին, երբ մեր ժողովուրդն էյֆորիայի մեջ էր, մի մասն էլ էյֆորիայի մեջ չէր, բայց վախենում էր նախկիններից. Ինձ շատ են ասել, որ վախենում են, թե նախկինները հետ կգան, դրա համար ձայն են տվել Փաշինյանին: Այդ ժողովուրդը հիմա էլ չկա, գոյություն չունի: Պատկերացրեք՝ մարդիկ խմած լինեն, ինչ ասես՝ խոստանում են, չէ՞, հիմա պատկերացրեք՝ այդ հարբած ժողովուրդը մի բան որոշի, հետո անցնի մի օր, խումհարից դուրս գան, հետո նրանց ասեն՝ դուք այսպիսի բան եք որոշել: Հիմա մեր ժողովուրդն այդ վիճակում է: Դեկտեմբերի 9-ի ժողովուրդը, որը քվե է տվել այս խորհրդարանին, հիմա չկա: Հիմա այս խորհրդարանը ներկայացնում է մի ժողովրդի, որը չկա, հասկանո՞ւմ եք: Այսօր կա մի ուրիշ ժողովուրդ՝ ուրիշ համամասնությամբ, ուրիշ տեսակետներով, ուրիշ ներքին խնդիրներով, որոնց հետ ներկա ԱԺ-ն բացարձակ առնչություն չունի: Սա ճգնաժամ է, հասկանո՞ւմ եք»:
Արծրուն Պեպանյանի խոսքով՝ խորհրդարանում երանելի վիճակ է, իսկ երկիրը եռում է կաթսայի պես. «Մյուս կողմից՝ եթե մենք հաշվում ենք քվե ունեցող Հայաստանի քաղաքացիների թիվը և այն քվեները, որ ստացել է ներկայիս իշխող ուժը, դա անում է 34 տոկոս: Ստացվում է՝ երեք հոգի են եղել, նրանց հարցրել են՝ ում եք ուզում, որ երկիրը կառավարի, մեկը տեղում չի եղել, մյուսը հիվանդ է եղել կամ ձեզ չի ուզել, էն մեկն ասել է՝ ձեզ եմ ուզում. Երեքից մեկն է լիազորություն տվել: Հիմա այդ երեքը հավաքվել են, ստացվում է՝ մեծամասնությունը չի տվել իր քվեն այդ խորհրդարանին, թեպետ խորհրդարանն ունի օրինական փաստաթուղթ»:
Ստեղծված իրավիճակը, ըստ վերլուծաբանի՝ ինչ-որ ժամանակ հետո տանելու է բախումների, հեղաշրջման, ինչը, նրա խոսքով՝ անցանկալի է. «Նորմալ երկրներում, երբ այսպես իրավիճակ է փոխվում, հասկանում են, որ խորհրդարանը չի արտահայտում հասարակական տրամադրությունները, գնում են նոր ընտրությունների: Մեզ մոտ ընդունված չէ դա, մեզ մոտ պետության շահի զգացողություն չկա ու երբեք էլ չի եղել, կա իշխանության շահի զգացողություն: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի կառավարությանը հեռացրին. ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ռեալ իշխանությունը չէր արտահայտում ժողովրդի մտահոգություններն ու կարծիքները, դժգոհությունները չէին գնում խորհրդարան: Ժողովուրդն իր համար էր, խորհրդարանն իր համար էր, եռում էր կյանքը, և ինչ-որ մարդիկ եկան՝ օգտվեցին: Ինչո՞ւ հիմա չպետք է օգտվեն, հիմա էլ կօգտվեն. կամ ներսից կլինի, կամ դրսից կլինի»:
Արծրուն Պեպանյանն ասաց, որ ինքը միշտ դեմ է եղել ընտրություններին. «Մեր ժողովուրդը քաղաքական մտածողություն չունի ու չի կարողանում կողմնորոշվել՝ ում տա ձայնը: Հիմա էլ եթե ընտրություն անենք, էլի ինչ-որ դրական բան կլինի, գոնե տարբեր ուժեր, տարբեր կարծիքներ կունենանք խորհրդարանում: Գոնե բանավեճ կլինի այդ շենքի մեջ, ոչ թե՝ փողոցներում: Իսկ հիմա այնտեղ խաղաղություն է, այստեղ՝ բախումներ, ինչ ասես՝ կլինի երկրում: Իսկ մենք թշնամիներ ունենք, իրավունք չունենք մեզ թույլ տալ այս շռայլությունը»:
Նա ընդգծեց՝ մեր բոլոր իշխանավորները հեռանում են ոչ թե՝ ծափահարություններով, այլ՝ սուլոցներով, դժգոհություններով.
«Ես վստահեցնում եմ, որ այս իշխանությունների հեռանալը նույնպես սուլոցներով է լինելու, և հաջորդ իշխանություններն էլ են սուլոցներով գնալու: Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մեր քաղաքական դաշտը կհասունանա այնքան, որ կկարողանա երևույթների խորքերը տեսնել և իրեն հարց տալ՝ ինչո՞ւ մեր ղեկավարներից ոչ մեկը չի հաջողում: Այս հեղափոխությունը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը շատ ավելի վատ է հասկանում քաղաքականությունից, քան մեզ թվում էր: Մենք հասկացանք, որ շատ ավելի շատ են նրանք, ովքեր պետության, հայրենիքի զգացողություն չունեն, հեշտ է նրանց մանիպուլյացնել, հասկացանք, որ ազգի, հայրենիքի համար պիտանի մարդիկ հազիվ 1-2 տոկոս են, ու խնդիրն այն է, որ այդ 1-2 տոկոսը պետք է ի մի գան, լուծումներ գտնեն, այլապես մենք այս խառն աշխարհում ոտնատակ կլինենք, կգնանք»:
«168 TV»-ի տեսանյութը դիտել 13:53 րոպեից