«Երկրում աստիճանաբար սկսում են հաստատվել երկակի ստանդարտներ. ասվում է մի բան, արվում է մեկ այլ բան». Վիգեն Հակոբյան

«168 TV»«Ռեվյու» հաղորդման ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը՝ ասաց, որ սա ևս մեկ մեխանիզմ է՝ ազդելու ՍԴ-ի շուրջ ծավալվող գործընթացի վրա, «գուցե նաև՝ Հրայր Թովմասյանի վրա»:

Քաղտեխնոլոգը նկատեց՝ մինչ այժմ որևէ նախանշան, որ նման ճնշումներով կկարողանան ազդել Հրայր Թովմասյանի վարքագծի վրա, չի եղել. «Դատելով իշխանական արձագանքներից, իշխանական լրատվամիջոցների արձագանքներից, նույնիսկ իրենց համար անսպասելի էր, որ Հրայր Թովմասյանը պահում է իր բաստիոնը: Նշում են, որ սա նախկին իշխանությունների վերջին բաստիոնն է: Իմ կարծիքով՝ Հրայր Թովմասյանն այդքան միամիտ չէ, որ իր վրա վերցնի նախկին իշխանական բաստիոնների պահպանման պատասխանատվությունը: Եթե այդ բաստիոնն այդքան հեշտ է պահպանել, ապա ինչո՞ւ այդքան հեշտորեն հանձնվեցին նախկին բաստիոնները, երբ կային և՛ ուժային, և՛ քաղաքական, և՛ ֆինանսական ռեսուրսներ՝ այդ բաստիոնները պահպանելու համար»:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի դեմ սկսված արշավին, ապա Վիգեն Հակոբյանի համար պարզ է, որ հարցը քաղաքական բնույթ է կրում. «Բնականաբար, հիմա էլ ֆորմալ ձևով այն իրավական հարթության մեջ է դրված, իրավական ձև է դրան տրված, բայց ակնհայտ է, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ, թեկուզ այն, երբ ԱԺ-ն իր դիմումն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար, և արգումենտներից մեկն այն է, որ ՀՀԿ անդամ է եղել, դա արդեն իսկ մատնանշում է, որ քաղաքական մասն այստեղ առաջնայիններից մեկն է:

Հրայր Թովմասյանն ինչ-որ մի փուլից հասկացավ, որ իր դիրքերի պահպանման մեխանիզմներից մեկը հարցը քաղաքականացնելն է, և իր հայտնի հարցազրույցից հետո, որտեղ նա բացատրում էր, թե իր այդ «բաստիոնը» ինչ դեր է կատարելու, հարցը քաղաքականացվեց նաև Հրայր Թովմասյանի կողմից:

Այս տեսակետից դեռևս բավականին լուրջ պրոցեսներ են ընթանալու: Չեմ կարծում, թե Հրայր Թովմասյանը մեծ հույսեր է կապում նախկին իշխանության հետ. պարզ է, որ կա լարվածության օջախ, և ցանկացած ընդդիմադիր ուժ փորձում է տեղավորվել այս մեծ խաղի մեջ, փորձում է այս դիմադրության օջախի շուրջ կոնսոլիդացվել: Պարզ է, որ տարբեր քաղաքական ուժեր են փորձելու տեղավորվել այս խաղի մեջ, բայց Հրայր Թովմասյանի պարագայում, բացի իր ամուր լինելուց, իր դիրքերը պահելու վճռականությունից, կարևոր նշանակություն ունեն նաև արտաքին արձագանքները»:

Անդրադառնալով երեկվանից լայն քննարկումների առիթ դարձած մեկ այլ թեմայի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների և փոխնախարարների աշխատավարձերի բարձրացմանը, քաղտեխնոլոգն ասաց, որ ընտրված մեթոդոլոգիան զարմանալի է.

«Երևի՝ սա վատ իմաստով բացահայտում էր, որ նույնիսկ նման հարցեր կարող են գաղտնի ռեժիմով քննարկվել: Սա բավականին տհաճ պրակտիկա է և ցույց է տալիս, որ երկրում աստիճանաբար սկսում են հաստատվել երկակի ստանդարտներ՝ ասվում է մի բան, արվում է մեկ այլ բան»:

Հիշեցնենք, որ, ըստ տեղեկատվության՝ նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի,  իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Նախարարությունների գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 դրամից դարձել է 870 հազար դրամ։

Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը «Հետքի» հարցադրմանն ի պատասխան՝ ասել է.

«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այդ պարզաբանումը որևէ քննադատության չի դիմանում.

«Որևէ պատասխան չկար, բառախաղ էր, և փորձ է արվում ինչ-որ ձևով ժամանակ ձգձգել և հնարավորություն տալ անձամբ վարչապետին՝ պատասխանել այդ հարցին: Դա սովորական երևույթ է այսօրվա իշխանությունների օրոք, երբ բոլոր հարցերի, հատկապես՝ խնդրահարույց հարցերի պատասխանը տրվում է մի մարդու կողմից, թեպետ այդ լիդերն էլ շատ դեպքերում փորձում է խուսափել պատասխանատվությունից»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս