ԲՀԿ-ն կողմ է կառավարության ղեկավարի փոփոխությանը

«Կառավարության ղեկավարի ու կաբինետի գործունեության, ծրագրի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը չի փոխվել: Մենք կողմ ենք կառավարության ղեկավարի փոփոխությանը: Երբ պահը կհասունանա, մենք կհայտարարենք նաև այն մասին, թե արդյո՞ք ցանկանում ենք, որ կառավարության ղեկավարը լինի ԲՀԿ-ական, թե՞ ոչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, վերջինս նշեց, որ ինքն այդ թեմային առնչվող հարցերին կպատասխանի, երբ գա համապատասխան օրն ու ժամը: «Նախագահական ընտրությունների մասին մենք կխոսենք համապատասխան պահին: Եվ սա չի նշանակում, որ մենք ունենք կամ չունենք որոշում: Չեմ ուզում դրանց մասին խոսել՝ բազմաթիվ հանգամանքների պատճառով»,- ասաց նա:

168.am-ի հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են շրջանառվող լուրերը, թե ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միասնական թեկնածուն նախագահական ընտրություններում կարող է լինել Երևանի նախկին քաղաքապետ, «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Ուրիխանյանը պատասխանեց. «Նախագահական ընտրությունների հետ կապված՝ մենք պատեհ պահին հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ, որն,  անշուշտ, կգոհացնի ու չի հիասթափեցնի հասարակությանը: Պարզապես մենք նպատակահարմար չենք համարում այս պահին խոսել դրա մասին»:

 

Տեսանյութեր

Լրահոս